Այսօր Ժնևում մեկնարկում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Պուտինի ու Բայդենի դեմ առ դեմ հանդիպումը: Բայդեն-Պուտին գագաթնաժողովից 10 րոպե առաջ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները կլուսանկարվեն Շվեյցարիայի նախագահի հետ:
Նախատեսված են 4-5 ժամ տևողությամբ բանակցություններ՝ ընդմիջումներով և ձևաչափի փոփոխություններով։ Հանդիպումը կմեկնարկի Ժնևի ժամանակով ժամը 13։00-ին (Հայաստանի ժամանակով ժամը 15։00-ին)։ Բանակցություններն ընթանալու են նախ՝ նեղ, ապա՝ ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Ընթացքում թեյի և սուրճի ընդմիջում է լինելու։
Գագաթնաժողովի վայրը հսկում են զինվորականները: Բացի այդ, այնտեղ տեղադրված են «Էրլիկոն» GDF-005 զենիթային համակարգեր: Դրանք ավտոմատ համակարգչային զենքեր են, որոնք նախատեսված են կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համար:
Հայտնի է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություն ձեռք չի բերվել հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի վերաբերյալ: Նախ՝ Վլադիմիր Պուտինը կանցկացնի իր մամուլի ասուլիսը, ավելի ուշ Ջո Բայդենը լրագրողների հարցերին կպատասխանի Eaux-Vives զբոսայգու առանձնատնից, որից հետո կվերադառնա Վաշինգտոն:
Ռուսաստանի առաջնորդի հետ համատեղ մամուլի ասուլիս չանցկացնելու մասին նախագահ Բայդենի որոշումն առաջացրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի դժգոհությունը, որը դա որակել է թուլության դրսևորում:
«Եթե Դուք պատրաստ չեք պարզապես կանգնել ամբիոնում և պատասխանել մամուլի հարցերին ... որոնք կարող են բարդ լինել, մինչ Ձեր հակառակորդը կանգնած է մի քանի մետր հեռու, աշխարհին տեղեկացնել, թե ինչի մասին եք խոսել, ինչ հարցեր եք կարևորել, դա մեծ թուլության նշան է»,- ասել է Պոմպեոն: