Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակեց Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատավճիռը:
Դատավճռով Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման՝ հաշվակցելով Սարգսյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ պատիժ թողնել կրելու 3 տարի, 6 ամիս և 23 օր ժամկետով ազատազրկումը:
Այսպիսով՝ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև անձի առևանգումը կազմակերպելու համար:
Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը միջնորդել էր մեղավոր ճանաչել Սարգսյանին առաջադրված մեղադրանքում և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով։
Նարեկ Սարգսյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքները և միջնորդել գործը քննել արագացված կարգով:
Առևանգման դրվագով որպես տուժող անցնող Արամ Կարապետյանն առարկել էր արագացված կարգով դատաքննությանը՝ նշելով, որ պատճառների մասին կխոսի իր ներկայացուցիչը, սակայն հետագայում նիստերին չէր ներկայացել։
Դատարանը որոշել է արագացված կարգով քննել քրեական գործը: