Դիմորդների համար օրը քննական է: Վաղ առավոտից շտապել են՝ գիտելիքները ստուգելու: Մինչև այդ ջերմաչափվում են, դիմակ վերցնում ու տեղավորվում: Անձնական իրերն ու հատկապես հեռախոսները քննասենյակ տանելն արգելված է: Դրանք ահա այստեղ են տեղավորում:
Մարգարիտ Հայրապետյան (ԳԹԿ ներկայացուցիչ) - Իրենց հետ գրիչներ, անցաթուղթը, ավելորդ իրերը՝ առանձնացված սեղանի վրա:
«Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննության համար հայտագրված է 3751 դիմորդ. մեկն էլ Քրիստինն է:
Այն, որ քննությունը լավ է հանձնելու՝ ապագա իրավաբանը չի կասկածում: Մասնագիտության ընտրության հարցում ինքնուրույն է կողմնորոշվել: Առաջիկա 4 տարվա ընթացքում ոլորտը խորապես կուսումնասիրի:
Քրիստին Կուբանյան (դիմորդ) - Մինչև լավ մասնագետ չդառնամ, ոլորտի բացերը չեմ տեսնի:
Հարևանությամբ էլ ճամփորդությունների սիրահար Արթուրն է: Բրյուսովն է ընտրել, թարգմանիչ է դառնալու: Ավելի վստահ է քննության եկել, անգլերենն արդեն հանձնել է, բարձր միավոր ստացել:
Արթուր Ղազարյան (դիմորդ) - Անգլերենը ավելի հեշտ էր համեմատ հայոց լեզվի բոլորին հաջողություն թող չլարվեն:
Հենց այսպես, մեկը մյուսին հաջողություն մաղթելով էլ մեկնարկեց միասնական քննությունը: Դիմորդները գիտելիքները ստուգել են հանրապետության 29 քննական կենտրոնում՝ 7 Երևանում, 22 մարզերում:
14-րդ հիմնական դպրոցում դիմորդների համար 3 քննասենյակ են առանձնացրել: Այստեղ 139 դիմորդից 3-ը քննության չի ներկայացել:
Աշոտ Թումանյան (քննական կենտրոնի ղեկավար) - Բացականները կարող են քննություններից հետո գան, դիմեն բացակայությունների համար, մասնակցեն 2-րդ փուլին:
Քննության ավարտից հետ երեք ժամվա ընթացքում ճիշտ պատասխանները տեղադրվում են գնահատման և թեստավորման կայքում: Քննությունների վերջնական արդյունքը 5 օրից պարզ կլինի: Դրանից հետո դիմորդներին նաև բողոքարկման հնարավորություն կտրվի:
Աշոտ Թումանյան - Եթե պատճենահանված նշումներով դրական է եղել, բողոքարկեն, հօգուտ դիմորդի ուղղվում է:
Քննական պրոցեսին հետևում են ծնողները՝ անհամբեր սպասելով երկար թվացող 3 ժամվա ավարտին:
Արամ Ստեփանյան (ծնող) - Վստահ եմ, երեխու համար վերջին քննություն է, հուսով ենք՝ բոլորը կանցնեն: