Հունիսի 13-ին՝ ժամը 19:10-ին, ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոռավան գյուղի գերեզմանատանը ծեծկռտուք է: Քիչ անց ստացվել է հիվանդանոցային ահազանգ, որ «կենսաբանական մահ, կրծքավանդակի ձախ կեսի, որովայնի, գոտկային շրջանի, աջ ազդրի, ձախ դաստակի հրազենային 9 վիրավորում, մարմնի տարբեր հատվածների քերծված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել ինքնությունը չպարզված տղամարդ:
Մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները պարզել են, որ ժամը 18.55-ի սահմաններում Գոռավան գյուղի գերեզմանատան մոտ վիճաբանություն և փոխհրաձգություն է եղել: Կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Արարատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արմեն Հովհաննիսյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց ու մահացել է:
Հունիսի 14-ին, ժամը 00.15-ին «ձախ ձեռքի զույգ ստորին վերջույթների, կրծքավանդակի, գլխի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև 39-ամյա մի տղամարդ։
Հարուցվել է քրեական գործ։
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և համագործակցելով ոստիկանության ՔՈԳՎ և Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, պարզել են, որ սպանությունը կատարել է Արարատ քաղաքի 32-ամյա բնակիչը՝ ողորկափող հրացանով: Բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 14-ին նա ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։
Տղամարդը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: