Երևանի 4 մասնավոր մանկապարտեզում օրերս երեխաների մասսայական թունավորման պատճառը կաթնամթերքն է եղել: Ավելի կոնկրետ՝ թթվասերն ու կաթնաշոռը:
Անուշ Հարությունյան (ՍԱՏՄ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար) - Մենք վերցրել ենք նմուշներ: «Բիոկաթ» ՍՊԸ-ի արտադրանքն է դա, և՛ թթվասեր, և՛ կաթնաշոռ: Այսօր արդեն պատասխանը եկել է լաբորատոր փորձաքննության, արդյունքում պարզվել է, որ բավականին լուրջ խնդիրներ կան, աղիքային ցուպիկի մանրէներ են հայտնաբերվել և բորբոսասնկեր:
Թունավորման դեպքեր հունիսի 3-9-ը գրանցվել են Երևանի նախադպրոցական 4 հաստատությունում, բայց աննդի անվտանգության տեսչական մարմինը հունիսի 8-ին բողոք է ստացել երկու մանկապարտեզի համար:
Անուշ Հարությունյան - Այնումենայնիվ, երկուսն էլ եղել է «Բիոկաթի» հետ կապված, և մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ երկու մանկապարտեզ էլ կաթնամթերքը տեղափոխել է մեքենա, որը եղել է անսարք:
Մեքենայի սառնարանը չի աշխատել, բացի դրանից՝ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը չի բացառում երկրորդային թունավորման գործոնը: Վարակ է եղել նաև խաչաձև աղտոտման հետևանքով՝ մանկապարտեզներում հակահամաճարակային կանոնների ոչ պատշաճ պահպանման հետևանքով:
Ռոմելլա Աբովյան (ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Վերցվել էին ինչպես սննդամթերքի, այնպես էլ շրջակա միջավայրից նմուշներ... նաև աշխատողներից և կոնտակտավոր երեխաներից: Ընդհանուր առմամբ, հիմնականում աղիքային վարակին բնորոշ ախտանշանները սկսվել են սննդամթերքի օգտագործումից, չի բացառվում նաև նույն սննդամթերքի երկրորդային թունավորումը, քանի որ հայտնաբերվել են ստաֆիլակոկի հարուցիչներ:
Մանկապարտեզների խոհանոցների գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: «Բիոկաթ» ընկերության արտադրությունում էլ սահմանափակումներ են մտցվել:
Անուշ Հարությունյան - Մենք սկսել ենք ստուգումը, դեռ շարունակվում է՝ «Բիոկաթում» էլ, մանկապարտեզներում էլ: Լաբորատոր փորձաքննությունների արդյունքում «Բիոկաթի» առանձին գործառույթներ հավանաբար կկասեցվեն: Նաև տուգանքներ կլինեն:
ՍԱՏՄ պահանջով ընկերությունը շուկայից հետ է կանչել մատակարարված ամբողջ թթվասերն ու կաթնաշոռը: Այլ արտադրանքների հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել: