Ապօրինի ընդերքօգտագործման բացահայտման դեպքերն ավելացել են: Ամենաթարմ օրինակը Արմավիրի մարզի Մերձավան համայնքի վարչական տարածքում հայտնաբերված դեպքն է:
Թե ինչ հանքանյութ էին փորձում ապօրինի արդյունահանել՝ պարզ կլինի լաբորատոր եզրակացությունից հետո: Եթե պետությանը հասցված վնասի չափն անցնի 200 հազար դրամը՝ կհարուցվի քրեական գործ: Հայտնաբերվել են ավազի ապօրինի արդյունահանման բազմաթիվ դեպքեր՝ արդեն Արաքս գետի ավազանում: Հարուցվել է 9 քրեական գործ: Ընդերքը ապօրինի շահագործել է 8 տնտեսվարող՝ պետությանը պատճառելով 143 մլն դրամի վնաս: 113 հազար քմ տարածքում արձանագրվել են հողը հանելու, տեղափոխելու կանոնները խախտելու, բնությանը շուրջ 10 մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր:
Այս դեպքում ապօրինի են շահագործում, մեկ այլ դեպքում՝ շահագործելու թույլտվություն ունեն, բայց չեն գործում: Ընդհանուր առմամբ, այսօր 26 մետաղական հանքի ընդերքօգտագործման իրավունք է տրված, սակայն, դրանցից մոտ 7-ն են գործում:
2020 թվականին պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար դադարեցվել են մի քանի ընկերություններին տրված՝ հանքի շահագործման թույլտվությունները: Փոխվել է պետական մոտեցումը ընդերքօգտագործման իրավունքի տրման աշխատանքներում:
Նույն իրավիճակը չէ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրված թույլտվությունների համար:
Ինչ է անհրաժեշտ ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար. ունենալ տվյալ համայնքի համաձայնությունը: Կազմել նախագիծ, որը պետք է անցնի բնապահպանական փորձաքննություն և ստանա դրական եզրակացություն: Ապագայում հանքի շահագործման թույլտվություն ավելի խիստ կանոններով է տրվելու: Շրջակա միջավայրի նախարարությունը գնահատման և փորձաքննության մասին նոր օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ: