Սերգեյ Համբարձումյան (Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարում ՍՊԸ-ի տնօրեն) - Սա աղբի կուտակման մեր առաջին փոսն է և նրա ենթակառուցվածքները՝ ադմինիստրատիվ շենքը, մեքենաների համար նախատեսված սպասարկման շենքը, էստեղ կշեռքն ա:
Այստեղ լինելու է Հայաստանում կառուցվող առաջին սանիտարական աղբավայրը: Սա հարևանությամբ գտնվող Հրազդանի հին աղբավայրն է:
Ի տարբերություն գործողների՝ ԵՄ չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան այս աղբավայրը կլինի կանաչ, կունենա ստորգետնյա ջրերի և օդի աղտոտվածությունը բացառող ենթակառուցվածքներ:
Սերգեյ Համբարձումյան - Աղբավայրը ենթադրում է էկոլոգիայի վրա բացասական ոչ մի ազդեցություն: Այսինքն՝ բացառում ենք այն ջրերի ընդերք ներթափանցումը, որ առաջանում են աղբի կուտակումից, գազը, որը արտանետվում է, մենք հանելու և օգտագործելու ենք: Այսինքն՝ տարածքում նաև տհաճ հոտ չի լինի:
Տեղանքը լինելու է պարսպապատ, որ քամիները չտարածեն աղբը: Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնները կհավաքվեն մեկ տեղում:
Սերգեյ Համբարձումյան - Մոտավորապես 97 համայնքներ՝ և՛ գյուղական, և՛ քաղաքային: Մենք նախատեսում ենք, որ բոլոր համայնքների աղբահանությամբ զբաղվելու է ընկերությունը: Դա պետք է նպաստի, որ երկու մարզում գործող այլ աղբավայրերը փակվեն, և մեկ կենտրոնացված սանիտարական աղբավայրում են կուտակվելու երկու մարզի ամբողջ կենցաղային թափոնները:
Կոտայքի Ակունք և Գեղարքունիքի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ: Աղբավայրը հնարավոր կլինի շահագործել 20-25 տարի: Փակվելուց հետո այն կարող է օգտագործվել տարբեր նպատակներով, մինչև անգամ որպես գոլֆի դաշտ՝ ինչպես Եվրոպայում է՝ նշում է Համբարձումյանը:
Սերգեյ Համբարձումյան - Մեր նպատակը հնարավորինս աղբավայրի կյանքը երկարացնելն է: Գտնել տարբերակներ թե՛ տեսակավորման, թե՛ տեսակավորված աղբը վերմշակման հանձնելու կամ կազմակերպելու, որ հնարավոր լինի աղբավայրի կյանքը երկարացնել:
Առաջնային է լինելու Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում աղբահանության նոր համակարգի ներդրումը:
Սերգեյ համբարձումյան - Այսինքն՝ կենտրոնացված ու նոր համակարգ՝ սկսած աղբամանների հարթակներից, աղբարկղերից, աղբատար մեքենաներից, մեր մեքենաներից. ամեն ինչը նոր համակարգով կենտրոնացված պետք է լինի:
Երկրորդ փուլով նախատեսում են տեսակավորել աղբը, որը կվերամշակեն կամ կվաճառեն: Աղբավայրը հին կավի հանքի տարածքում է կառուցվում: Կավե հիմքը կարևոր է ստորգետնյա ջրերի աղտոտումից հնարավորինս խուսափելու համար:
Նորիկ Դադաշյան (ենթակապալառու կազմակերպության տնօրեն) - Հիմնական գործը եղել է ահռելի քանակությամբ հողային աշխատանքներ կատարելը, որը նախատեսվում է աղբավայրի կառուցման համար, հետո արդեն՝ թաղանթապատում, կավապատում, քանի որ կեղտաջրերը, գազերը տեղափոխվելու են համապատասխան տեղերը:
25 հեկտար ընդհանուր մակերեսով սանիտարական աղբավայրը պատրաստ կլինի շահագործման հաջորդ տարվա հուլիսին:
Նորիկ Դադաշյան - Հողայինից բացի՝ մենք ունենք ջրամբարներ՝ հակահրդեհային նպատակով, նաև կառուցում ենք ադմինիստրատիվ շենք, թունավոր նյութերի պահեստ:
Ներդրումային ծրագրի արժեքը մոտ 11 միլիոն եվրո է: 5.5 միլիոն եվրոն վարկ է, մյուս մասը՝ դրամաշնորհ: