Կենտրոնական բանկը 0,5 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորումը՝ սահմանելով այն 6,5 տոկոս։ Այս փուլում փողը թանկացնում են, որ մարդիկ կրճատեն գնումների ծավալը։ Պարզվում է՝ ամիսներ շարունակ խնայած գումարներն ամռան հետ սպառողները սկսել են շատ ինտենսիվորեն ծախսել՝ բացատրում են գլխավոր դրամատանը։
Հայկ Ավետիսյան (ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ) - Փաստացի ի՞նչ է տեղի ունեցել. էդ հետաձգված սպառման մի զգալի մասը դուրս է եկել շուկա, պահանջարկը դրական ազդեցություն է թողնում գնաճային միջավայրի վրա:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման միջոցով՝ ֆինանսիստներն ակնկալում են բանկերի տրամադրած վարկերի, ընդունած ավանդների տոկոսադրույքի ավելացում, ինչը բնակչությանը կդրդի գումար ծախսելու տրամադրվածությունից անցնել խնայողության։ Դա էլ, իր հերթին, կմեղմի գնաճը։ Սեզոնային գյուղմթերքից՝ վարունգ-լոլիկ-կարտոֆիլի էժանացումը հարց չի լուծում․ քիչ չէ՝ միջազգային բորսաներում ձեթ-կարագ-շաքարավազը թանկացել են 80 և ավելի տոկոսով, աշխարհում կորոնան հաղթահարելու, սպառումների վերականգնման-ընդհանուր աճի ֆոնին սննդամթերքի պահանջարկն ընդհանուր առմամբ կտրուկ ավելացել է։
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Առաջին անգամ չէ, որ մենք սրա մասին խոսում ենք, բայց առաջին անգամ է, որ մենք մտահոգություն ենք հայտնում: Պահանջարկի կողմից Հայաստանում ստեղծվող գնաճի հետ կապված մեր գործողությունները, ըստ էության, միտված են այդ արագանցիկ աճը զսպելուն:
Նույնիսկ այս իրավիճակում՝ տարվա համար կանխատեսվող գնաճն, ըստ Կենտրոնական բանկի, լինելու է 7 տոկոսի սահմաններում։ Գալստյանի թիմն, ի դեպ, վերանայել է նաև տնտեսական աճի կանխատեսումը։ Շինարարության-գյուղատնտեսության տեմպը սպասվածից ցածր կլինի, փոխարենը տուրիզմի ու ծառայությունների աճը կբարձրանա՝ ընդհանուր ավելացրելով 2021-ի համար սպասվող ցուցանիշը։
Հնարավոր բոլոր ռիսկերի գնահատականում Կենտրոնական բանկը ընտրական գործընթացների ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա այս պահին որ չեզոք է համարում։
Մարտին Գալստյան - Մեր բազային սցենարում դրված է, որ ընտրությունները կանցնեն հարթ, առանց միջադեպերի ու քաղաքական պրոցեսները տնտեսության վրա ազդեցություն չեն թողնում:
Տնտեսության վիճակի վրա ազդեցություն, Գալստյանի կարծիքով, հնարավոր է և կարող է թողնել կորոնապատվաստումների մակարդակը։ Ասում է՝ կուզեին վակցինացիայի տեմպն արագանար, որ աշնանը, հանկարծ եթե քովիդի նոր ալիք բարձրանա, հայկական բիզնեսը չզրկվի տուրիստներից կամ ներդրողներից։