Ընտրակաշառք բաժանելու համար ՀՔԾ-ն այսօր մեղադրանք է առաջադրել երկու քաղաքացու: Իրավապահները պարզել են, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներ՝ համատիրության երկու աշխատակից, տարբեր չափի կաշառք են առաջարկել, ապա տվել վարչական շրջանի մի խումբ ընտրողների, որ նրանք հունիսի 20-ին իրենց ձայնը տան ընտրությանը մասնակցող դաշինքներից մեկին: Քննիչի սեղանին իրեղեն ապացույցն է՝ կաշառքի գումարը, այն առգրավվել է ստացողներից մեկից:
Թե որ ուժի օգտին քվե բերելու համար են ընտրակաշառք բաժանել համատիրության աշխատակիցները, ծառայությունում չեն հրապարակում, բայց մամուլը շրջանառում է «Պատիվ ունեմ» դաշինքի անունը: Բացի երկու մեղադրայլից, այս պահին գործով ևս մեկ կասկածյալ կա, հարցաքննվածներն էլ 2 տասնյակի են հասնում:
Մեղադրյալներ Վ.Վ.-ն ու Շ.Դ.-ն այս պահին ձերբակալված են, նրանց կալանավորելու համար քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան: Հունիսի 20-ի արտահերթին ընդառաջ սա ընտրակաշառքի արդեն երրորդ գործն է:
Երեկ ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրել «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին ու Ջանֆիդա գյուղի բնակիչներից մեկին, որոնց իրավապահները ձերբակալել էին գումարը փոխանցելու պահին: Ոստիկաններին տեսնելուն պես նրանք տան բակ են նետել իրենց ձեռքի պոլիէթիլենային տոպրակով գումարը, որում հայտնաբերված 9 միլիոն դրամը, ըստ քննության, նախատեսված էր 147 ընտրողի կաշառք տալու համար:
4 օր առաջ էլ մեղադրյալի կարգավիճակ էր ստացել կուսակցություններից մեկի, ըստ մամուլի՝ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորի թեկնածուն: Ծառայությունից հայտնում են, որ նա Գավառում ընտրակաշառք է բաժանել 7000 դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով:
Ընդհանուր առմամբ՝ երեք քրեական գործով այս պահին 5 մեղադրյալ կա, երեքը կալանավորված են, կասկածյալի կարգավիճակ ունի 9 անձ: Ավագ քննիչը հիշեցնում է՝ այս հոդվածով պատիժը խիստ է՝ քրեական օրենսգիրքը 4-7 տարվա ազատազրկում է նախատեսում նախնական համաձայնությամբ երկու և ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար: