Խաչատուր Մելիքսեթյան (ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն) - Վայոց սար հրաբուխն է Վայոց ձորի մարզում: Ժայթքել է 30.000 տարի առաջ, երիտասարդ է. այսպիսի երիտասարդ հրաբուխ է:
Ամբողջությամբ չսառած հրաբուխները Հայաստանում քիչ չեն: Նման ավելի քան 500 օջախ կա՝ Սյունյաց լեռներից մինչև Ջավախքի լեռնաշղթա:
Երկրաբանները բոլորը քարտեզագրել են ու հետազոտություններով ապացուցել՝ չմարած հրաբուխները էլեկտրաէներգիայի արտադրության մեծ պոտենցիալ ունեն: Առաջին օջախը հորատմամբ մոտ 4 տարի առաջ են հայտնաբերել:
Խաչատուր Մելիքսեթյան - Ուսումնասիրությունների տեսանկյունից մեկ քայլ առաջ է Քարքառի տեղամասը Սյունիքի մարզում. արդեն իրականացվել է հետախուզական հորատում, տեղամասը Կառավարության էջում հասանելի է որպես ներդրումային ծրագիր:
Եթե տեղանքը ներդրողներին հետաքրքրի, Սյունիքում արդեն կարելի է ընդերքում գոյացած գոլորշիներից ու ջերմությունից էլեկտրաէներգիայի արտադրություն սկսել: Միայն թե, մի շատ կարևոր փաստ պետք է հաշվի առնել:
Ռուբեն Մուրադյան (էներգետիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող) - Էլեկտրաէներգիայի արտադրության համար ստորգետնյա գոլորշին առնվազն 110 աստիճան տաքություն պետք է ունենա:
Երկրաբանական գիտությունների ինստիտուտը վերջերս ԱՄՆ «Պիր Սայնս» հիմնադրամից դրամաշնորհ է ստացել ու ամերիկացի գործընկերների հետ համատեղ ուսումնասիրությունների մի նոր փուլ սկսել:
Երկրաջերմային էներգիայի արտադրության առումով հեռանկարային են նաև Հայաստանի տաք ջրերը: Տաք ջրերով ու հրաբուխներով հարուստ Ֆիլիպիններն ու Իսլանդիան աշխարհում մեկ քայլ առաջ են: Այդ երկրներում էներգիայի 23-27 տոկոսը հենց այդ մեթոդով են ստանում: Ընդերքի պոտենցիալը նաև ջեռուցման համար է օգտագործվում:
Առաջիկա երեք տարիների ուսումնասիրություններով երկրաբանները կփորձեն բացահայտել մեր երկրի ընդերքի բոլոր հնարավորությունները:
Մինչև այդ մասնագետները վստահեցնում են՝ երկրաջերմային էներգիայի հնարավորությունները օգտագործելով՝ որոշ չափով կլուծվի էներգետիկ անվտանգության հարցը: