Քարոզարշավի 9-րդ օրը Հայաստանի եվրոպական կուսակցության անդամները Լոռու մարզում են: Վանաձորում էլ քայլերթ են անցկացրել՝ քաղաքացիներին հրավիրել մասնակցելու կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Ռուբեն Հախվերդյանի համերգին:
Կուսակցության անդամներն անընդունելի են համարում երկրում տարածվող ատելության խոսքը, փոխադարձ մեղադրանքներն ու հայհոյանքները: Վարչապետի թեկնածուն իրավիճակից դուրս գալու իր տարբերակն է առաջարկում. այն է՝ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, անդամակցի Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին:
Իրական անվտանգության համար Հախվերդյանն առաջարկում է խզել առհասարակ կապերը Ռուսաստանի հետ: Ասում է՝ նախկին իշխանությունները Ռուսաստանի հպատակն են, ներկաները դեռևս չեն կողմնորոշվել:
Տիգրան Խզմալյանը կիսում է կարծիքը, միևնույն ժամանակ նշում, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող է վերականգնել միայն մի պարագայում, երբ Ռուսաստանը կդառնա ժողովրդավար:
Կուսակցությունը նպատակ ունի Եվրոպան բերել Հայաստան, զարգացնել կրթամակարդակն ու զարկ տալ մյուս բոլոր ոլորտների առաջընթացին: Համոզված են, այս ամենն իրականացնելու համար պետք է նախևառաջ ճիշտ դաշնակից ընտրել: