Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարում է՝ արտահերթ ընտրություններին գնում են նույն թիմով ու նույն գաղափարով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Տիգրան Արզաքանցյանի գրանցումն անվավեր էր ճանաչվել: Որոշումը բողոքարկել էին վարչական դատարան:
Գալով խորհրդարան՝ Դեմոկրատական կուսակցությունն առաջարկելու է ճանաչել Արցախի անկախությունը, միջազգային հարթակներում դիվանագիտական պայքար ծավալել Արցախի ճանաչման համար: Արցախյան հարցի կարգավորման համար կարևոր են համարում Մինսկի խմբի աշխատանքի վերագործարկումը: 44-օրյա պատերազմն ընթացավ միջազգային իրավունքի նորմերի խախտումներով: Վստահ են՝ պետք է միջազգային հարթակներում գործել Արցախի տարածքների դեօկուպացիայի և Ադրբեջանին միջազգային հանցագործ ճանաչելու ուղղությամբ:
Կուսակցության ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարում արդյունավետ ֆինանսական համակարգի, Համահայկական զարգացման բանկի ստեղծումը: Քաղաքական ուժը հրատապ է համարում պետական-մասնավոր գործընկերության օրինագծի ընդունումը, որն իրենց համոզմամբ՝ թույլ կտա էապես բարելավել ներդրումային դաշտը:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Մատենադարանի մոտից երթով շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ ներկայացնելով իրենց քաղաքական ուժի օգտին քվեարկելու 15 պատճառները: Արամ Սարգսյանը բացառում է կոալիցիան գործող իշխանության հետ, նախկինների հետ էլ, ըստ նրա, մեծ հարցականներ կան: