9 օր «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության անդամները շրջում են հանրապետությունում: Լսել ու պարզել են, որ քաղաքացիներն առաջնային են համարում անվտանգությանն առնչվող խնդիրները:
Արթուր Մովսիսյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն) - Մեր ծրագրում հենց հիմնական կետերից են ազգ-բանակ կոնցեպտը, պետության անվտանգությունը, նոր դաշնակիցների հետ համագործակցությունը:
Ազգ-բանակ կոնցեպտի մասին առաջինը Ժիրայր Սեֆիլյանն է խոսել՝ վստահեցնում է կուսակցության պատգամավորի թեկնածու Արթուր Մովսիսյանը: Հիշեցնում է, որ տարիներ առաջ իշխանությունը փորձել է այս գաղափարը կյանքի կոչել, բայց հաջողության չեն հասել: Իսկ թե ինչ է ազգ-բանակը, երկու բառով չես բացատրի՝ ասում է Մովսիսյանը:
Արթուր Մովսիսյան - Բոլորը պետք է զենք կրել իմանան, սահմանամերձ գոտիներում պետք է զինված լինեն, ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն գնալու և ըստ իրենց տեղակայման վայրի՝ մասնակցելու մարտական գործողություններին, եթե դրա անհրաժեշտությունը կա, և ժամանակ առ ժամանակ պետք է պատրաստվեն:
«Ոչ նախկին, ոչ ներկա՝ ազգային ապագա», «Ազգ, բանակ, պետություն»՝ «Ազգային ժողովրդավարական բևեռի» կարգախոսը մեկը չէ, մի քանիսն են:
Շատ կուսակցություններ են ծրագրեր ներկայացնում, խոստումներ տալիս, բայց քչերն են, որ պատկերացնում են՝ ինչպես են այդ ամենն իրականացնելու: Արթուր Մովսիսյանը պնդում է, որ քաղաքական ուժերի մեծ մասը խաղում է մարդկանց հիշողության հետ:
Արթուր Մովսիսյան - Բոլորը համատարած դրա մասին են խոսում՝ հույսները դնելով, որ այս ժողովրդի հիշողությունը կարճ է: Այնքան կարճ, որ հավատում են Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, մինչև հիմա Նիկոլին են հավատում:
Տնտեսական ռազմավարական ծրագրեր ունեն, որը կապված է Հյուսիս-հարավ ճանապարհի հետ:
Գևորգ Գալստյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն) - Հնդկաստան, Իրան, Հայաստան և Վրաստանով դեպի Սև ծով: Այդ շղթայի կարևորագույն օղակը դառնալով՝ ոչ միայն կկարողանանք հզորացնել մեր տնտեսական համակարգը, այլև մեր կարևորությունը և նշանակությունը գեոքաղաքական հարթության վրա անչափ կբարձրանան:
«Ազգային-ժողովրդավարական բևեռը» քարոզարշավի օրերին համոզվել է՝ ընտրության օրը հանրությունը իրենց անակնկալ է մատուցելու:
Արթուր Մովսիսյան - Վստահ եմ, որ մենք հայտնվելու ենք Ազգային ժողովում:
Իսկ մինչև այդ կուսակցությունը դեռ 3 օր քարոզարշավ կանի, կշրջի, կներկայացնի տեսլականը: Հանրությանն ուղղված կոչերի մեջ մեկն առանձնանում է՝ կուսակցությանն անհրաժեշտ են անաչառ վստահված անձինք: