Լուսավոր Հայաստանը կարծում է, որ իր համերաշխության կոչը քաղաքացիներն ընդունում ու գնահատում են։ Քարոզարշավի ընթացքը պատգամավորի թեկնածուները դրական են գնահատում, նշում, որ մարդկանց հիմնականում հետաքրքրում են անվտանգության ու տնտեսական խնդիրները, մարզերում էլ ուզում են լսել, թե ինչ է առաջարկում քաղաքական ուժը գյուղատնտեսության համար։
Գևորգ Գորգիսյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԼՀԿ) - Մենք առաջարկում ենք պետություն մասնավոր հատվածում ստեղծել մի կառույց-համակարգ, որը տալու է գյուղացուն ամեն ինչ։ Գյուղացուն մնում է ցանել, հավաքել, և արդեն իրացումն էլ իրականացնելու է այս համակարգը։ Սկսած տեխնիկայից, հողերի մշակման տեխնոլոգիայից, եթե պետք է՝ ֆինանսական տեխնոլոգիաների ներդրումից ու ապահովագրությունից, և արդյունքում գյուղացուն մնում է միայն ցանել ու հավաքել։
Նախ կբացեն գյուղատնտեսության նախարարությունը. այն փակելու որոշմանը միշտ են դեմ եղել։ Ասում են նաև, որ տեղական ինքնակառավարման մարմիններում սուբվենցիաները պետք է արդար բաշխվեն: Որպեսզի ոչ թե կառավարությունը որոշի՝ սուբվենցիան ում և ինչպես տրամադրի, «Լուսավոր Հայաստանը» հարցի լուծման իր տարբերակն է առաջարկում։
Դավիթ Խաժակյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԼՀԿ) - Կառավարությունը կուզի՝ կբաշխի սուբվենցիան, կուզի՝ չի բաշխի, և դա դառնում է քաղաքական շահարկումների հարց։ Դառնում է այնպես, որ եթե տվյալ համայնքի ղեկավարը լավ հարաբերություններ ունի մարզպետի հետ կամ իր թիմից է, ապա իր համայնքում ներդրումը կլինի ավելի շատ, չէ՝ կլինի ավելի քիչ։ Եթե տվյալ համայնքում գոյանում են տարբեր տեսակի հարկեր, ապա այդ հարկերի մի մասը որոշակի տոկոսային հարաբերակցությամբ պետք է օրենքի ուժով տրվի տվյալ համայնքին, և երկրորդը՝ տեղական ինքնակառավարման մարմինները և ինչու ոչ համայնքը՝ շահագրգռված պետք է լինեն այդ ներդրումն ավելացնելու։
Իրենց հաղթանակի դեպքում ովքեր են ղեկավարելու գյուղատնտեսության, տարածքային կառավարման նախարարությունները՝ թեկնածուները չեն շտապում անուններ տալ։ Կձևավորեն ազգային համաձայնության կառավարություն ու պաշտոնների կնշանակեն լավագույն մասնագետներին՝ ասում է Դավիթ Խաժակյանը։ Մասնագետները կարող են լինել նաև խորհրդարան չանցած ուժերից։ Բայց կարևորը մինչև այդ՝ ամբիցիաներից հրաժարվելն է: Անի Սամսոնյանի խոսքով՝ Ագրեսիվ կեցվածքով քարոզչություն չեն անում, առավել ևս՝ պետություն չեն կառավարում:
Անի Սամսոնյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԼՀԿ) - Արդեն սկսել են քարոզչության մեջ կիրառել գործիքներ, որոնք մարդկաց համար ասոցացվում են խփելու, ծեծելու գործիքի հետ. խոսքը, օրինակ, չագուչի մասին է։ Վաղը գուցե մենք կտեսնենք՝ առաջնորդները կացինով դուրս կգան քարոզչական բեմահարթակներ. սա անթույլատրելի է։
Եթե դուք ընտրեիք գործիքները, ո՞րը կընտրեիք։ Հարթաչափը։ Մենք գործիք ընտրելու խնդիր չունենք։ Սղոցը հարմար չէ։ ես կարծում եմ՝ մեր գործիքը եղել և շարունակում է մնալ գրիչը։
«Մարդկային լեզուն ամենալավ միջոցն է, որը ծառայում է բարի և չար նպատակների»,- ասում է Անի Սամսոնյանն ու պնդում՝ իրենք մարդկային լեզուն օգտագործում են բարի նպատակներով: