Հայաստանում քաղաքական պայքարի դուրս եկած ուժերից 2-ն են առաջատար՝ գործող իշխանությունն ու «Հայաստան» դաշինքը: Այսօր Մասիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը: Երկուսից ո՞ւմ ընտրելու պատասխանն, ըստ Քոչարյանի, թաքնված է թիմերի կենսագրություններում, թե ով ինչ է խոստացել ու ինչ է արել:
Ռոբերտ Քոչարյան («Հայաստան» դաշինքի 1-ին համար) - Նայեք Դաշնակցության կենսագրությանը՝ որպես միավոր, նայեք իմ կենսագրությանը, մենք մեր ցուցակում չունենք վարկաբեկված մարդիկ, չունենք մարդիկ, որոնց կարող են ասել սուտասան են կամ սադիստ, սա է պատկերն ու ընտրությունը ձերը պետք է լինի:
Երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ղեկը, ըստ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի, պետք է Քոչարյանին վստահել:
Վահե Հակոբյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, («Հայաստան» դաշինք) - Այսօր Ռոբերտ Քոչարյանի պահանջարկն այնքան է, որ այլընտրանք պարզապես չի կարող լինել, ուրեմն՝ ամսի 20-ին մեկ մարդու պես դեպի ուժեղ Հայաստան:
Հունիսի 20-ի քվեարկությունը պատմական որակեց Իշխան Սաղաթելյանը՝ նկատելով, որ հայրենիք ունենալ-չունենալու հարց է լուծվելու:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, («Հայաստան» դաշինք) - ՀՀ քաղաքացին այս ընտրությանը պետք է մոտենա այս վճռականությամբ, վստահ եմ, որ Մասիս քաղաքը, Արարատի մարզը մեր հետ է, մեր պետականության կողքին է, մեր դաշինքի կողքին է:
«Հայաստան» դաշինքի անդամները խոստացան՝ իշխանության գալու դեպքում յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը փոխվելու է: Երկրորդ նախագահի պնդմամբ՝ մուրճն էլ օգտագործելու են ոչ թե գլուխ ջարդելու, այլ երկիրը շենացնելու համար:
Ռոբերտ Քոչարյան - Առանց այն էլ ինձնով մեր ժողովրդին են վախեցնում, պատկերացնում եք՝ մի մուրճ էլ ես վերցնեմ, մուրճը միայն շինարարության համար, բռունցքս հերիք է:
Դաշինքի անդամներին ուղղված քաղաքացիների հարցերը հիմնականում կրթական ու գյուղատնտեսական խնդիրների մասին էին: Հարցուպատասխանից հետո «Հայաստան» դաշինքի առաջնորդներն այցելեցին Ավշար, Վեդի ու Արարատ համայնքներ:
Ռոբերտ Քոչարյան - Այս ընտրություններից հետո մենք ունենք շատ իրատեսական հնարավորություն՝ երկիրը փոխել, փոխել դեպի լավը: Պարզապես համոզմունք ունեմ, հակառակ դեպքում ես այս բեռի տակ երբեք չէի մտնի: Ես հնարավորություն ունեցել եմ ու շարունակում եմ ունենալ իմ կյանքը այլ տեղ ու այլ կերպ դասավորելու, բայց սա կհամարեի դասալքություն:
«Հայաստան» դաշինքը Արարատի մարզում քարոզարշավն ավարտեց Արտաշատում՝ հանրահավաքով:
Հեղինակ՝ Անի Օհանյան