Այս ընտրություններին երկրին անհրաժեշտ է երրորդ ուժ: Նման կարծիք ունեն «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունում: Կարգախոսն է՝ «Օրենքի դիկտատուրա, իրավունքի գերակայություն»: Կարծում են՝ օրենքի դիկտատուրայի միջոցով է հնարավոր շտկել իրավիճակը երկրում:
Լևոն Բաղդասարյան (փաստաբան, ՀԱՊ կուսակցության լիազոր ներկայացուցիչ) - Պետական լիազոր մարմինները երբ մի բան ասում են, պարտավոր են դա կատարել: Դա վերաբերում է նաև քաղաքացուն: Եթե քաղաքացին հայհոյանքով դիմում է լրագրողին, պետական պաշտոնյային, դրա համար ևս պետք է պատասխան տա: Առանց օրենքի դիկտատուրայի պետք է մոռանանք, որ Հայաստանը կարող է զարգացում ունենալ:
Կուսակցության առաջնային ծրագրերն են՝ Սահմանադրության փոփոխությունը, ազգային կառավարության ձևավորումը: «Համահայկական ազգային պետականության» լիազոր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ գործող Սահմանադրությունը չի նպաստելու երկրի հզորացմանը: Դրա միջոցով իշխանության եկած ցանկացած ուժ լինելու է բռնակալ:
Լևոն Բաղդասարյան - Ոչ Ռուսաստանի հետ մենք կարող ենք մեր խնդիրները լուծել, ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Եվրոպայի, քանի դեռ տարածաշրջանում Հայաստանը խաղացող չէ: Որպեսզի Հայաստանը լինի խաղացող, անհրաժեշտ է, որ տնտեսությունը զարգանա: Տնտեսության զարգացման թիվ մեկ բանալին մենք տեսնում ենք՝ Սահմանադրության փոփոխություն, ազգային կառավարության ձևավորում և օրենքի դիկտատուրա:
Անդրադառնալով գերիների վերադարձին՝ նշում է՝ մեր հայրենակիցները մեկ ժամ շուտ պետք է տուն գան, սակայն դա կախված է նրանից, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը: Իր սուբյեկտիվ կարծիքով՝ այսօր գերիների վերադարձի համար իշխանության իրականացրած գործողությունը ոչ իրավաչափ է:
Լևոն Բաղդասարյան - Այսօր ՀՀ սահմաններում գտնվում է թշնամու զինվորը: Ոչ միայն քաղաքական հարթության վրա, այլև ռազմական հարթության վրա պետք է այդ խնդիրը լուծել:
ՀԱՊ կուսակցության ծրագրերից են փոքր բիզնեսը հարկերից ազատելն ու և գյուղվարկերի համաներում հայտարարելը:
Լևոն Բաղդասարյան - Եթե գյուղաբնակը կքած է վարկերի տակ, մոռանանք, որ տնտեսությունը կարող է զարգանալ: Եթե կքած վարկերի տակ գյուղացուց վերցնում են իր վերջին օջախը, ընդհանրապես պետք է մոռանանք զարգացման մասին:
Բաղդասարյանը չի նշում, թե որ ուժերի հետ են պատրաստ համագործակցել: Իր խոսքով՝ կուսակցությունը հայամետ մարդկանց է համախմբել, կհամագործակցեն այն անձանց հետ, որոնք ունեն գիտելիք, մասնագիտություն, փորձ, մաքուր ձեռքերով են, կարող են երկիրն այս վիճակից հանել: Պետք է ընտրվեն գործող ու նախկին իշխանությունից լավ մասնագետները: