ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը գումարվեց G7-ի գագաթնաժողովից անմիջապես հետո, և որը 2018-ից ի վեր այս կազմակերպության առաջին դեմ առ դեմ հավաքն էր, չափազանց հետաքրքիր էր՝ հաշվի առնելով այն շեշտադրումները, որ արվեցին գագաթնաժողովի ընթացքում։ Ըստ էության, Արևմուտքն այս երկու հավաքների ընթացքում փորձեց ուրվագծել այն ռազմավարությունը, որը կկանխորոշի համաշխարհային առաջիկա զարգացումները։
Նախ՝ անհնար է չնկատել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պահվածքն ավելի շատ «մեղայական» էր։ Նախագահ Թրամփի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հարաբերությունները զգալիորեն փչացել էին, ինչի արդյունքում ու հետևանքով միջազգային տարբեր խնդիրների շուրջ Վաշինգտոնի և եվրոպացիների մոտեցումները սկսել էին տարակարծությունից վերածվել գրեթե ակնհայտ առճակատման։ Խոսքը, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի մասին է, երբ Թրամփը, առանց որևէ հիմնավոր պատճառի, դուրս եկավ այդ ծրագրի շուրջ ստորագրված վեցակողմ համաձայնագրից, Թեհրանի նկատմամբ սահմանեց պատժամիջոցների նոր, բավական «յուղալի» փաթեթ, ինչը ոչ միայն եվրոպացիների տարակուսանքն առաջացրեց, այլև հանգեցրեց ընդվզման։ Դեռևս անցած տարեսկզբին Եվրոպան սկսեց քննարկել Իրանի հետ առևտուր անելու և ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու նպատակով վճարային նոր համակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ճիշտ է՝ համակարգի ներդրմանը խանգարեց համաշխարհային պանդեմիան, իսկ հետո նաև ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում պարտվեց գլխավոր «խառնակիչը»՝ Թրամփը, որը Սպիտակ տանն իր տեղը զիջեց միջազգային հարցերում ավելի հավասարակշռված գործողությունների կողմնակից Բայդենին։
Այսուհանդերձ, չնայած բաց տեղեկատվության սակավությանը, կարելի է ենթադրել, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները կարողացել են երկու ուղղությամբ ընդհանուր հայտարարի գալ։ Դրանցից մեկը Չինաստանն է, որի հետ տնտեսական և քաղաքական մրցակցությունը թե՛ G7-ի, թե՛ ՆԱՏՕ-ի շրջանակում սահմանվեց առաջնային խնդիր։ Երկրորդ ուղղությունը ավանդական է՝ Ռուսաստանը։ Ընդ որում՝ հարկ է նկատել, որ այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են համակարծիք։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Թուրքիային, որը ոչ մի կերպ չի համաձայնում հրաժարվել ռուսական Ս-400 հակահրթիռային կայանքներ ձեռք բերելու և օգտագործելու գաղափարից։ Ճիշտ է, մի քանի օր առաջ Անկարան ակնարկեց, որ կարող է, մասնավորապես, Վաշինգտոնին ընդառաջ քայլ անել։ Առաջարկի բովանդակությունը հետևյալն էր․ Թուրքիան շարունակում է շահագործել Ս-400-ները, սակայն Ռուսաստան է վերադարձնում դրանք սպասարկող ռուսական անձնակազմերը։
Հարկ է նշել, որ սա խորամանկելու Էրդողանի հերթական փորձն է, քանի որ տպավորություն է ստեղծում, թե այս հարցում Անկարան պատրաստ է գնալ զիջումների։ Իրականում, Թուրքիայի նախագահը հասկանում է, որ հասել է մի կետի, որից այն կողմ կարող է բախվել Արևմուտքի և, մասնավորապես, ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ինչը Էրդողանի համար կրկնակի հարված կլինի։ Մի կողմից, Թուրքիան արդեն իսկ հայտնվել է տնտեսական լրջագույն ճգնաժամի մեջ, և ցանկացած պատժամիջոց կարող է կոտրել թուրքական տնտեսության առանց այդ էլ բարակած մեջքը։ Մյուս կողմից, Էրդողանը նաև մենևրելու անձնական պատճառներ ունի, քանի որ հասկանում է՝ առանց Արևմուտքի քաղաքական ու տնտեսական աջակցության 2023 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու նրա հավակնությունները կարող են փոշիանալ։ Իսկ սա արդեն հենց այն հաղթաթուղթն է, որով առաջիկայում Արևմուտքը, ամենայն հավանականությամբ, ձաղկելու է Էրդողանին՝ նրան ցույց տալով «հավասարների» մեջ իրեն հատկացված տեղը։