Աֆղանստանում հաշտեցման հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը առցանց ճեպազրույցի ժամանակ պատմել է Ղազախստան այցի նպատակների մասին: Ղազախստանում ԱՄՆ դեսպանության տեղեկության համաձայն՝ դեսպանը կհանդիպի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ «Աֆղանստանի հետ խաղաղ բանակցությունների, ամերիկյան զորքերի դուրսբերման, տարածաշրջանային կապերի, առևտրի ու համագործակցության զարգացման հեռանկարների թեմաները քննարկելու համար»:
New York Times պարբերականն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք շփումներ են ունեցել Ղազախստանի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի իշխանությունների հետ՝ պայմանավորված տարածաշրջանում բազաների օգտագործման հավանականությամբ:
ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն ի պատասխան նշել էր, որ «ԱՄՆ-ը տարածաշրջանի մյուս երկրների հետ քննարկում է այն ռազմավարությունը, թե ինչպես միասին աշխատել, որպեսզի ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո նպաստեն Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ու ահաբեկչության դեմ պայքարին»:
Նա ընդգծել է, որ «ամերիկյան զորքերը հեռանում են, սակայն Միացյալ Նահանգները՝ ոչ»: