Ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքում թուրքական ոչ մի ռազմաբազա չի լինելու՝ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Ըստ նրա՝ Թուրքիայի հայտարարած՝ Լեռնային Ղարաբաղի վերականգնման մասին Ադրբեջանի հետ համաձայնագիրը դժվար թե հանգեցնի այնտեղ թուրքական ռազմաբազաների կառուցմանը:
Զատուլինը կարծում է, որ համաձայնագրի իրականացումը կարող է հանգեցնել հակամարտության նոր բռնկման:
Ավելի վաղ անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի միջև համաձայնագրի՝ Շուշիում կնքմանը՝ Զատուլինը նշել էր, որ այդ քաղաքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին շատ մոտ, և, ամեն դեպքում դա ցուցադրական գործողություն է:
«Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ստորագրվող այդ կարգի համաձայնագրերն անտեսում են այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է չլուծված: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Էրդողանն ու Ալիևն ինչ որոշում էլ կայացնեն, առանց Արցախի հայկական բնակչության կարծիքի, այն թերի է»,- նշել է Զատուլինը:
Նա բացատրել է, թե որտեղ կարող են թուրքական ռազմաբազաներ տեղակայվել, և որտեղ՝ ոչ:
«Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազաների տեղակայումը միանգամայն հավանական է: Բաքվին ոչ ոք չի կարող դա արգելել: Իսկ Լեռնային Ղարաբաղի տարածքում, որն այժմ վերահսկում են ռուս խաղաղապահները, թուրքական ոչ մի ռազմաբազա չի կարող լինել»,- հայտարարել է Կոնստանտին Զատուլինը: