ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունենում Սյունիքի մարզում:
Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ընտրողների հետ հանդիպմանը վերահաստատել է թավշյա մանդատը պողպատյա մանդատով փոխարինելու առաջարկը:
«Էս հանցագործ դուրսպրծուկներին հատ-հատ ծակերն ենք կոխելու ձեր անունից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօր ոչ միայն ինքն է եկել Սյունիք, այլև ՀՀ բոլոր մարզերից ներկայացուցիչներ են եկել:
«Ժողովրդից մկան նման գողացողները փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին, իբր Սյունիքը և մնացած Հայաստանը տարբեր բաներ են: Եվ դա նրանք անում են «բաժանիր, որ տիրես» հայտնի կարգախոսի ներքո: Մենք ասում ենք՝ ո՛չ, Հայաստանը մեկ է և միասնական է և միասնականությամբ է հզոր: Սյունիքը Հայաստան է այնքան, որքան Երևանը, Գյումրին, Լոռին, Տավուշը: Եվ մենք կկոտրենք ու կկտրենք Սյունքը Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»,- ասաց նա:
Փաշինյանը խոսեց նաև սահմանին տիրող իրավիճակի մասին:
«Ադրբեջանի զորքերը աներկբայորեն պիտի դուրս գան ՀՀ սահմաններից անդին, և այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը։ Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք։ Եվ մեր պատկերացումը հետևյալն է․ սահմանային կետերի երկայնքով պիտի տեղակայվեն ռուս սահմանապահներ, և նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենան Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա»,- ասաց նա՝ հավելելով, որ սահմանային միջադեպերով փորձ է արվում ազդել Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա:
«Բայց մենք մեր միասնությամբ ու միակամությամբ պետք է հստակ քայլենք մեր երկիրն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ճանապարհով»,- նշեց Փաշինյանը: