Երկու ամիս առաջ հիմնադրված «Վերելք» կուսակցությունը որոշել է մասնակցել ընտրություններին, քանի որ երկրի անվտանգային խնդիրները երբևէ եղածներից ամենածանրն են համարում: Կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյանի խոսքով՝ շատ բան է պատերազմի ընթացքում սեփական աչքերով տեսել, ուստի չէր կարող հեռու մնալ այս գործընթացներից:
Ալեքսան Մինասյան («Վերելք» կուսակցության ցուցակի առաջին համար) - Հնարավոր չէր այս անվտանգության պարագայում ապրել: Մարդը պետք է իրեն ապահով զգա: Բայց այստեղ էլ չկա: Եվ ես՝ որպես զինվորական մարդ, որոշեցի ունենալ իմ մասնակցությունը:
Ըստ Մինասյանի՝ բանակն ամբողջությամբ վերափոխելու կարիք կա: Հիմա կուսակցությունում քննարկում են, թե ինչ տեսք պետք է ունենա պետական սահմանը և երկրի անվտանգային համակարգն ընդհանրապես: Միաժամանակ վստահ են, որ բանակի բարեփոխումների հիմքում պետք է լինի հեղափոխությունը գիտության ոլորտում:
Ալեքսան Մինասյան - Եթե հարձակվեն, պետք է տեղափոխենք պատերազմն իրենց սահման: Որպեսզի կարողանանք ընդվզել իրենց հարձակումների դեմ: Պետք է փոխել ամբողջ պաշտպանական համակարգը: Հին բանակից պետք է մնա 20 տոկոս: Մտավոր կարողություններով սպաներ պետք է լինեն:
Չնայած որպես կուսակցություն «Վերելքը» նոր է դաշտ մտել, բայց քաղաքական ուժի ղեկավարը չի կասկածում, որ հաղթահարելու են նվազագույն շեմը: