ԵՄ և ԵԱՏՄ օրգանական գյուղատնտեսության մասին օրենքներում նախատեսվում են փոփոխություններ: Հայաստանում արտադրված օրգանիկ գյուղմթերքի 95%-ը արտահանվում է, մասնավորապես՝ ԵՄ շուկա, ուստի անհրաժեշտություն է օրենսդրական համապատասխանությունը: Օրգանական գյուղատնտեսության ազգային աշխատանքային խմբի քննարկման թեման օրենքի փոփոխություններն են:
Գոհարիկ Օսիպյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր գյուղատնտես) - Օրգանական գյուղատնտեսության ոլորտում այդ քննարկումները հիմնականում կապված են եղել սերտիֆիկացման մարմինների, մակնշման, ստանդարտների և պետական աջակցության մեխանիզմների մշակման հետ:
Հայաստանում գյուղատնտեսության այս ճյուղը զարգանում է, և տարեցտարի ավելանում են հավատարմագրված ընկերությունները:
Ֆիլիպ Աշիկյան («Էկոգլոբ» ՍՊԸ տնօրեն) - Այս պահի դրությամբ ունենք 45-50 սերտիֆիկատ ստացած ընկերություններ, և 15-ը գտնվում են անցումային փուլում:
Փորձագետի գնահատմամբ՝ մեր երկրում արտադրված օրգանիկ արտադրանքը մրցունակ է միջազգային շուկայում: Պետք է մշակել արտադրողներին պետական օժանդակության տրամադրման մեխանիզմներ:
Ֆիլիպ Աշիկյան - Այսօրվա օրով չունենք աջակցության ոչ մի մեխանիզմ օրգանական գյուղատնտեսությունով կամ սննդի արտադրությունով զբաղվող սուբյեկտների համար: Պետք է ողջունվի պետության կողմից օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտը:
Գոհարիկ Օսիպյան - Այսօր էկոնոմիկայի նախարարությունում իրականացվում են մի շարք գյուղատնտեսական աջակցության ծրագրեր, և նախատեսվում է, որպեսզի հետագայում օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ պետական աջակցության ծրագրեր ևս իրականացվեն:
Մասնագետների դիտարկմամբ՝ ոլորտի վերաբերյալ ցածր է իրազեկվածության մակարդակը, կա պրակտիկ մասնագետների ու հետազոտողների պակաս: Այս բացը լրացնելու ուղղությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել է օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական կրթական ծրագիր:
Սասուն Մամաջանյան (ՀԱԱՀ, ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի տեղակալ) - Ծրագրի հետ պետք է սերտ համագործակցություն ունենան շահառուները, ովքեր ոլորտի ներկայացուցիչներ են՝ արտադրողներ, սերտիֆիկացնող մարմին, պրոֆեսորադասախոսական կազմ, և ուսանողներից ընդգրկված հանձնախումբ:
Ուսումնական պլանը մշակել են Հայաստանի և Ավստրիայի մասնագետները՝ ոլորտի ներկայացուցիչների հետ:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան