Վեդիի բնակիչների մի մասի բախտը ամռան հետ բերել է։ Քաղաք մտնող Գառնիի ջրագիծը «Վեոլիան» այգիներից ինչ հանել է, խմելու ջրով ծառ-սածիլ ոռոգելու ավանդույթը վերացրել, Արարատյան փողոցի բաժանորդների սնուցումը շուրջօրյա է դարձել։ Ավարտվել է նաև Ջերմանիսի աղբյուրներից իջնող ջուրը կուտակող 1000 խմ տարողությամբ երկու նոր ջրամբարի շինարարությունը։
Կարգավորիչ հին կայանն այնքան վնասված էր՝ կեսը չլցված՝ ճաքերից թափվում էր, կորցնում էին Խոսրովի անտառներից 43 կմ եկող վայրկյանում 50 լիտր ջուր՝ պատմեցին նոր ջրամբարի պաշտոնական բացմանը եկած հյուրերին։ Այդ պատճառով էլ ոչ թե եղածն են նորոգել, այլ՝ հարևանությամբ նորը կառուցել, ասում է «Վեոլիա ջրի» ղեկավարը։
84 մլն դրամ էլ, պարզվում է, Գառնիի գծի արժեքն է կազմել։ Եվս 43 մլն՝ ընկերությունը Վեդու կծախսի կորուստները կրճատելու նպատակով բնակիչների մեկ այլ խմբի համար նոր խողովակաշար անցկացնելու նպատակով։ Պետք է այնպես անել՝ մարդիկ պարտաճանաչ վճարեն՝ քաղաքապետին հանձնարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը․ բնակավայրեր կան՝ սպառողը երազում է որակյալ խմելու ջուր ունենալու մասին։
Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար) - էս մեծ ներդրման արդյունքում եթե մենք Վեդիում 100 տոկոսին մոտ կոմերցիոն գանձելիություն չունենանք, առնվազն վատ կլինի էլի:
Ջրի կորուստների մեծ մասի հարցը կլուծվի սեփական տների ներքին ցանցը նորացնելու, ձախ միացումներից անջատելու միջոցով։ Շուտով այդ գործն էլ կավարտեն՝ վստահեցնում է ընկերության ներկայացուցիչը։
Սարգիս Թորոսյան («Վեոլիա ջուր» ընկերության «Հարավ» ՇՏ Արտաշատ շահագործման տեղամասի համակարգման պետ) - Աշխատանքները կատարվում են չորս փողոցում, ընդհանուր 3.1 կմ է, այս աշխատանքների արդյունքում 100 բաժանորդի ցանցն է փոխվում, կառուցվում է 100 նոր դիտահոր՝ ջրաչափով:
Եթե խմելու ջուրն այստեղ մարդիկ այգիներում չօգտագործեն, Վեդին պետք է որ ամենաքիչը 8 ժամ կայուն գրաֆիկով մատակարարում ունենա․ ջրի քանակը բավարար է՝ հաշվարկել են «Վեոլիայի» մասնագետները։ Բնակիչներն էլ իրենց թվաբանությունն են անում․ ում տանը ծորակն արդեն 24 ժամ չի ցամաքում, մտածում են՝ արժի՞ պահել պոմպով բաքերը։
Սկզբի համար պոմպը կանջատեն, ջրագիծն ուղիղ կօգտագործեն, որ ջուրը բացելիս հոսանքի հաշվիչն էլ փող չտանի։ Ջրաչափն արդեն պտտվում է։