Պատերազմից հետո անվտանգային հարցերն առաջնային են՝ ասում են «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունից: Դժգոհում են, որ իրենց սկսել են անվանել արկածախնդիր ու հակառուսական ուժ, քանի որ իրենք առաջարկում են փոխել անվտանգային համակարգը:
Վահե Գասպարյան, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության 1-ին համար - Ոչ հակառուս ենք, ոչ արկածախնդիր: Մենք դեմ ենք Կրեմլի, Պուտինի կայսերապաշտական քաղաքականությանը: Ռուսաստանից հրաժարվել չենք առաջարկում, քանի որ Ռուսաստանն ինքն է հրաժարվել մեր հետ դաշնակցել, և սա կյանքն է ցույց տալիս:
Իրական դաշնակցություն ու անվտանգային երաշխիքներ են տեսնում Միացյալ Նահանգների հետ գործակցելու դեպքում:
Ըստ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության անդամների՝ մյուս բոլորը քաղաքական ուժերը զբաղված են իրար մեղադրելով և չեն մտածում երկրի անվտանգության մասին: Ընտրողներին կոչ են անում իրենց քվեաթերթիկը լրացնելիս առաջնորդվել ոչ նախկին, ոչ ներկա իշխանություններին չընտրելու սկզբունքով: