Վերջին երեք տարիներին գյուղատնտեսությունը մեզ համար առաջնահերթություն է եղել, և մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել գյուղատնտեսության ոլորտում: Այս մասին Արարատի մարզի Արևշատ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում Կառավարության անելիքները:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք ցանկանում են, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը դադարի չարչարանք լինելուց, լինի այնպիսի աշխատանք, որը ավելի շատ արդյունք է բերում, ավելի շատ է ավտոմատացված:
«Դրա համար մենք վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում զրո տոկոսով 100 մլրդ դրամի վարկ ենք տվել: Եվ այդ ծրագրերը շարունակվում են: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հատկապես ջերմոցային տնտեսությունների հիմնադրման ծրագրին: Մինչև 15 միլիոն դրամանոց ծրագրով մենք վարկ ենք տալիս և այդ վարկով ջերմոցային տնտեսություն կառուցելու համար դասընթաց ենք կազմակերպում, որպեսզի մարդիկ տիրապետեն տեխնոլոգիաների: Եվ երբ մարդը կառուցում է, վարկը տալիս ենք 12 ամիս արտոնյալ ժամկետով: Այդ 12 ամսվա մեջ մայր գումարը մարելու անհրաժեշտություն չկա: Ջերմոցային տնտեսության կառուցումից հետո փողի 30 տոկոսը վերադարձնում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ծրագիրը լիարժեք իրականացնելու համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, կա խնդիր՝ կապված գրավի և «սև ցուցակների» հետ: Նրա խոսքով՝ դա շատ նուրբ հարց է, որովհետև մենք պետք է հավասարաչափ մտածենք ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ բանկային համակարգի մասին, որ չփլուզվի:
«Բայց մենք հասկանում ենք նաև, որ էս մեր ծրագրերը իրականություն դարձնելու համար ամենամեծ խոչընդոտը նախկինում վերցրած վարկերի հետ կապված խնդիրներն են, որ ծանրաբեռնված է գյուղացին վարկերով, և երկրորդը՝ գրավների հարցը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: