Այսօր՝ հունիսի 14-ին, մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Մինչև ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումը ԱՄՆ նախագահ Բայդենը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն և G7-ը Ռուսաստանի հետ հարաբերությունների ավելի լավ համակարգման կարիք ունեն:
Գագաթնաժողովի մեկնարկից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքի գագաթնաժողովի հիմնական թեման կլինեն Ռուսաստանը և Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահների առաջիկա բանակցությունները: Այդ մասին հայտնում է Rambler-ը:
Ըստ Ստոլտենբերգի՝ «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների» պատճառով ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները գտնվում են սառը պատերազմի ավարտից հետո ամենացածր մակարդակի վրա:
«Համոզված եմ, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները կհաստատեն մեր երկակի մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ. մի կողմից ամուր պաշտպանություն, մյուս կողմից՝ երկխոսություն»,- իր կարծիքն է հայտնել գլխավոր քարտուղարը:
Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները խորհրդակցություններ կանցկացնեն ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ` հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից առաջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Բայդենը ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ կքննարկի Պուտինի հետ իր հանդիպումը, այդ բանակցություններին կգնա դաշինքի լիակատար աջակցությամբ:
Գագաթնաժողովում նախատեսված է քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը մինչև 2030 թվականը, Ռուսաստանի, Չինաստանի հետ հարաբերությունները, տեխնոլոգիական զարգացման ամրապնդումը, կլիմայի փոփոխության և կիբեռտարածքում ու տիեզերքում սպառնալիքների դեմ պայքարի թեմաները: