2021 թվականի հունիսի 14-ին «Հայփոստ» ընկերությունը Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մարեց և շրջանառության մեջ դրեց «Աշխարհահռչակ հայեր. Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ:
Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և Հայաստանի Հանրապետության ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն իր ողջույնի խոսքում նշեց. «Շատ ուրախ ենք, որ այսօր շրջանառության մեջ է դրվում հայ մեծ կոմպոզիտոր, տաղանդավոր դիրիժոր, հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված նամականիշը: «Հայփոստի» այս նամականիշը կտարածվի ամբողջ աշխարհով՝ ևս մեկ անգամ հավերժացնելով մեծն կոմպոզիտորի անունը»:
890 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծ կոմպոզիտոր, դիրիժոր և հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ.):
Գեղաթերթիկի վրա պատկերված են՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Սպենդիարյանի արձանը, իր ստորագրությունը և «150-ԱՄՅԱԿ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գեղաթերթիկի ստորին հատվածում տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում:
Թողարկման օրը` 14 հունիսի 2021 թ.
Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 80,0 x 60,0 մմ
Տպաքանակը՝ 25.000 հատ