Շաբաթ և կիրակի օրերին աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով Մարտունի բուժկենտրոնից Երևան՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել 13 երեխա և մեկ մեծահասակ՝ երեխաներից մեկի մայրը:
Այս պահի դրությամբ փոքրիկների վիճակը գնահատվում է բավարարից միջին ծանրության: Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ չկան: Հոսպիտալացված երեխաները 1-4 տարեկան են: Բոլորը Մարտունի բուժկենտրոնում հոսպիտալացված են եղել սուր շնչառական հիվանդությունների՝ բրոնխիտ, թոքաբորբ ախտորոշմամբ: Նորք ինֆեկցիոնում այժմ բուժում են ստանում և՛ թունավորման, և շնչառական վարակների դեմ:
Նմուշներն ուղարկվել են և՛ բակտերիոլոգիական, և՛ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիաներ: Ըստ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ հոսպիտալացված երկու պացիենտի մոտ հայտնաբերվել է ներհիվադանոցային վարակի հարուցիչ, ինչը «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» հաստատվել է:
Այժմ աշխատանքներ են տարվում ներհիվանդանոցային վարակի փոխանցման աղբյուրը պարզելու ուղղությամբ: