Առանց գրավի, արագ փող փնտրողներին․․․ սոցցանցը խայծեր է, որ առաջարկում է։ Զանգում ենք գովազդներից մեկի հեռախոսով, հարցնում՝ ի՞նչ ժամկետում կկարողանան, ասենք՝ 100 հազար դրամ դասավորել։ «Առաջարկը չընդունեք՝ ձեզ թալանելու են»՝ վարկային այս տիպի միջնորդների մասին զգուշացնում են Կենտրոնական բանկից։ Խնդիրը նոր չէ։ Ինտերնետ-հարթակներից բացի, քաղաքում նույնպես՝ կանգառներում, սյուներին, քիչ չեն ֆինանսական «փրկիչների» հայտարարությունները։ Խոստանում են գումար հասցնել նույնիսկ բանկերի մերժած՝ սև ցուցակում հայտնված հաճախորդներին։ Առաջին հայացքից քաղաքացուն օգնող, իրականում տնտեսական թակարդը գցող անձանց դեմ պայքարի միջոց գլխավոր դրամատունը չունի, քանի որ նրանք գործում են օրենքից դուրս։ Միակ բանը, որ կարող են և անում են, ձեռքի տակ հայտնված տվյալները Ոստիկանությանը փոխանցելն է՝ պարզաբանում է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության դեպարտամենտի տնօրենը։
Դանիել Ազատյան (ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն) - Մենք միայն 2020 թվականին 165 դեպքի մասին հաղորդել ենք իրավապահներին:
Ստացած ահազանգերը՝ 120-ից ավելի դրվագ: Քննչական կոմիտեում հավաքել են առանձնապես խոշոր չափի խարդախության վերաբերյալ մեկ ընդհանուր գործում։ Նախաքննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք Երևանի տարբեր հասցեներում վարձակալել են տարածքներ, համացանցում էժան, անգրավ վարկերի գովազդով հաճախորդներ հավաքել։ Մարդկանց խաբել են երկու սցենարով: Ներկայացնում է քննիչ Կարապետյանը։
Մանուկ Կարապետյան (ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչ) - Մի քանի դեպքերում քաղաքացիներին հայտնել են, որ Երևանի խանութներում վարկեր են ձևակերպվում՝ ապառիկ ապրանքի 70 տոկոսը տրամադրվելու է քաղաքացուն, մնացածը կպահվի որպես միջնորդավճար, իսկ վարկային մարումը պետք է անեն ոչ թե տվյալ բանկին, այլ՝ իրենց վարկային կազմակերպությանը:
Քիչ չեն դեպքերը, երբ խոստացած վարկի անգամ 70 տոկոսը չեն տվել մարդկանց: Ձգձգել են այնքան, մինչև օֆիսը փակել, հետքերը մաքրել են՝ քաղաքացուն թողնելով նրա անձնագրի տվյալներով ձևակերպած սառնարանի կամ բջջային հեռախոսի ապառիկի մարումը։ Մեկ այլ տարբերակում սև գործն արել են մոբայլ բանքինգի միջոցով։
Մանուկ Կարապետյան - Քաղաքացին գնացել է բանկ, ակտիվացրել մոբայլ բանքինգը, դուրս գալուց հետո անունն ու գաղտնաբառը փոխանցել է կազմակերպության աշխատակիցներին, ովքեր առցանց վարկ են ձևակերպել 400-600 հազար դրամի վրա, որը փոխանցել են տարբեր հաշիվների վրա ու կանխիկացրել:
Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ Քննչականում առայժմ չեն հրապարակում, թե ընդհանուր ի՞նչ գումարի, քանի՞ քաղաքացի է խաբվել-տուժել այս գործով․ թիվը մոտավոր՝ մեկ տուժածի հաշվով՝ միջինը 1 մլն դրամի կարգի է։ Փոխարենը շատ հստակ է՝ խարդախություն կատարածների պատիժը։
Մանուկ Կարապետյան - Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սպառնում է 4-8 տարի ազաատազրկում, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա...
Ե՞րբ քննիչները գործը դատարան կուղարկեն՝ դեռ պարզ չէ։ Այս պահին կա մի քանի մեղադրյալ, մեկը կալանավորված է, մեկը հետախուզվում է։ Նախաքննությունը՝ շարունակվում: