«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վստահ է՝ քարոզարշավի անցած 7 օրերի ընթացքում քաղաքացիները ընկալել և ողջունել են իրենց համերաշխության կոչը: Կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ շատերն այդ օրակարգին նաև միանալու ցանկություն են հայտնել:
Գևորգ Գորգիսյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԼՀԿ) - Բացահայտ այդ մասին խոսում են, ու բոլորն անխտիր հոգնել են այդ գզվռտոցից: Մոտ 5%-անոց ագրեսիվ փոքրամասնություն կա, որ շարունակում է այդ օրակարգով ապրել, քաղաքացիների մասին է խոսքը, ոչ թե քաղաքական ուժերի, բայց դրան էլ երբ համերաշխությամբ ես վերաբերվում, անցողիկ է դառնում:
Բացի համերաշխություն ձևավորելուց, կուսակցությունը ցանկանում է նաև խորհրդարանում լինել ներկա ու նախկին իշխանությունների այլընտրանքը: Պատգամավորի թեկնածու Դավիթ Խաժակյանն այդ ուժերի խորհրդարան անցնելը ենթադրելի է համարում և քաղաքացիներին կոչ է անում քվեարկել «Լուսավոր Հայաստանի» օգտին՝ ձայների փոշիացումից խուսափելու համար:
Դավիթ Խաժակյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԼՀԿ) - «Լուսավոր Հայաստանը», լինելով այլընտրանք, միակ հնարավորությունն է՝ այլընտրանքի ձայնը տեղ հասցնելու: Մնացած բոլոր դեպքերում մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ և՛ օբյեկտիվորեն, և՛ հարցումներն են դա ցույց տալիս՝ քվեարկելով այլ այլընտրանքային ուժի օգտին, կա մեծ վտանգ ձայների փոշիացման, ինչին մենք կոչ ենք անում առնվազն ուշադրություն դարձնել:
Շրջելով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ կուսակցության անդամները ներկայացրին իրենց ծրագրային դրույթները: Անվտանգության համատեքստում «Լուսավոր Հայաստանն» առանցքային նշանակություն է տալիս դպրոցներում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գործնական դասընթացների ավելացմանը:
Գևորգ Գորգիսյան - Բացի սովորական դասարանային դասընթացներից, Հայաստանի տարբեր մասերում իրականացնել ճամբարումներ, որտեղ երեխաները և՛ կճանաչեն, և՛ կծանոթանան մեր հայրենիքին, և սրան զուգահեռ կանցնեն արդեն զինվորական գործ, ռազմավարություն, մարտավարություն, տարբեր զինտեխնիկաներ:
Կուսակցությունն ընտրություններում հաղթելու դեպքում նախատեսում է ներդնել նաև ակտիվ պահեստազորի գաղափարը: Այն զորացրված քաղաքացիներին հնարավորություն կտա կամավորության սկզբունքով ավելի ակտիվ և ինտենսիվ մասնակցել ռազմական հավաքներին ու վերապատրաստումներին: