Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել իր արդյունաբերական ոլորտների, այդ թվում՝ էներգետիկայի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում, բայց զգուշացրել է, որ «շատ քիչ ժամանակ է մնացել» համաշխարհային տերություններին 2015-ի միջուկային գործարքը վերականգնելու համար, գրում է Bloomberg-ը:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն մանրամասներ չի ներկայացրել առևտրային սահմանափակումների հնարավոր մեղմացման մասին, որն Իսլամական Հանրապետությանը խանգարում է նավթ արտահանել՝ հարվածելով տնտեսությանը: Երկուշաբթի Թեհրանում լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է, որ պատմական համաձայնագրի ստորագրումը հետաձգվում է, քանի որ դեռ կան չլուծված հարցեր:
Նավթի շուկաները ուշադիր հետևում են Վիեննայում ընթացող բանակցություններին՝ պարզելու, թե ՕՊԵԿ-ի անդամը ե՞րբ կկարողանա վերսկսել հումքի վաճառքը, և որքա՞ն արագ Վաշինգտոնը թույլ կտա նրան մեծացնել արդյունահանումը:
Առավոտյան Brent տեսակի նավթի գինն աճել է 1%-ով՝ մեկ բարելի դիմաց 73,43 դոլար Լոնդոնում՝ այս տարի շահույթը հասցնելով 42%-ի:
Համաշխարհային տերությունները փորձում են վերակենդանացնել 2015 թ. համաձայնագիրը, որից ԱՄՆ-ն հեռացավ երեք տարի առաջ: Այն սահմանափակում է Թեհրանի միջուկային ոլորտում գործունեությունը՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց:
Շաբաթ օրը Վիեննայում Իրանի գլխավոր բանագնաց Աբբաս Արաղչին քիչ հավանական էր համարել, որ գործարքը լինի ուրբաթ կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:
Նախագահ Հասան Ռոհանին, ով մասնակցել է 2015-ին կնքված համաձայնագրին, երկու ժամկետ նախագահելուց պաշտոնը կլքի օգոստոսին: Սպասվում է, որ նրան կփոխարինի Իբրահիմ Ռաիսին, հոգևորական, ով բացասաբար է տրամադրված ԱՄՆ-ի հետ գործակցությանը:
Սակայն անցյալ շաբաթ կառավարության խոսնակը հայտարարել է, որ համաձայնագիրը վերականգնելու որոշումը կայացրել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, և Ռոհանիի հեռանալը չի ազդի դրա վրա: