Լաուրա Սարգսյան (Տարոն Գիվարգիզյանի մայրը) - Պատուհանը բացելով՝ անմիջապես նայում եմ Տարոնիս հայացքին, ոչ թե մենակ մեր տունն ա Տարոնս հսկում, այլ ամբողջ տարածքը: Էնքան հետաքրքիր է էդ նկարը նայել գիշերը խաղաղության մեջ, ոնց որ բոլորիս հրեշտակը լինի:
Դիմացի շենքի պատին 24-ամյա Տարոն Գիվարգիզյանի նկարն է: Բռնցքամարտիկ, դաշնակահար երիտասարդը ամեն բան թողեց, երբ հայրենիքն իր կարիքն ուներ:
Լաուրա Սարգսյան - Չկերավ հացը, ասեց՝ կուլ չի գնում, տղերքը կռիվ են անում, եկել եմ էստեղ տաք տան մեջ նստել, հաց եմ ուտում: Սարսուռ անցավ միջովս, ասեցի՝ Տարո՛ն ջան, արի միասին առավոտյան գնանք արյունով օգնենք տղաներին:
Մինչև առավոտ չէր համբերել: Ծնողներից թաքուն մեկնել էր առաջնագիծ: Այդպես էր եղել բանակ գնալիս, զինկոմիսարիատ էր դիմել 6 ամիս շուտ: Դրա համար դպրոցական ավարտական ալբոմում բոլորը ճերմակ վերնաշապիկով են, ինքը՝ զինվորական համազգեստով: 3 ամսվա զինվորը զորավարժությունների ժամանակ ծանր վնասվածք էր ստացել և զորացրվել: Պատերազմը Տարոնին կիսատ թողած գործը շարունակելու հնարավորություն տվեց:
Լաուրա Սարգսյան - Զոհվել է հոկտեմբերի 29-ին, Մարտունի 2-ում, սեղանի շուրջ ասել է՝ տղանե՛ր, կանգնենք աղոթք անենք:
Հոկտեմբերի 29-ին անօդաչու թռչող սարքը Մարտունի 2-ում արած աղոթքը դարձրեց վերջինը դպիր Տարոնի համար: Հիմա նրա նկարը հսկում է տունը, իսկ անցորդները խաչակնքում են նկարի առջև:
Լաուրա Սարգսյան - Ամեն ինչ անցնելու է գնա, մնալու է Քրիստոսը ու դու՝ իր առջև: Կարդում են Տարոնիս խոսքերն ու խաչակնքում են: Ես փշաքաղվում եմ: Մարդիկ եկեղեցում են խաչակնքում, բայց գալիս ու իմ Տարոնի նկարի մոտ են խաչակնքում:
Դիմանկար անելը հեշտ բան չէ, հատկապես երբ նկարում ես Տարոնի պես հերոսների՝ ասում է նկարիչ Արման Մաթևոսյանը:
Արման Մաթևոսյան (նկարիչ) - Դիմանկար կերտելուց պետք է կարողանանք մարդու բնավորությունը ճիշտ կերպով ներկայացնել: Բացի չափ ու ձևերից, կա դիմանկարի ճիշտ բնավորության գծեր ներկայացնելու տարբերակ:
Արդեն 20-ից ավելի դիմանկարներ է հեղինակել Հայաստանի տարբեր ծայրերում: Առաջինը՝ Գալեյան Մխիթարի նկարն էր, հետո հերոսներին կենդանություն պարգևած նկարիչը գնաց Գյումրի, Մարտունի, Վարդենիս...
Արման Մաթևոսյան - Նկարել եմ մոտ 20-ից ավելի դիմանկար Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Վերջին դիմանկարները, որ արեցի, Մարտունիում էին: Զանգեր, շնորհակալության խոսքեր շատ լսեցի, որ իսկապես հիանալի է ստացվել, էնպես են, որ կարծես կենդանի մարդ լինեն: Հսկայական չափերի են, մոտ 14 մ երեք դիմանկար արեցինք:
Նկարում է էքստրեմալ պայմաններում, ամբարձիչի վրա:
Հաց ուտելու կամ ջուր խմելու ժամանակ չի ունենում՝ դիմանկարը պետք է ավարտել մեկ օրում:
Արման Մաթևոսյան - Քանի որ ներկերը շատ արագ են չորանում, դրա համար չեմ կարող նույնիսկ մեկ րոպե հանգստանալ, անդադար պետք է նկարեմ՝ 7-8 ժամ, բացի դրանից էլ, նախքան նկարելը սկսելը 24 ժամվա չափ էսքիզներ եմ մտածում ծնողների հետ, հարազատների հետ:
Նրա վրձնին է պատկանում նաև բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի դիմանկարը: Հնարամիտ, կենսուրախ ու պայծառ տղային Արթուրը պատկերել է այնպես, ինչպես կար՝ նշում է հերոսի մայրը:
Լիանա Ավետիսյան (Տիգրան Հարությունյանի մայրը) - Դուրս ենք գալիս, գնում ենք, գալիս ենք, Տիգրանը մեզ ուղեկցում է, Տիգրանը միշտ կա, իրականում դա պատկեր է, բայց ես գիտեմ, որ Տիգրանը կա:
Մայրաքաղաքում արդեն 15 հերոսի դիմանկար է հասցրել հեղինակել: Յուրահատուկ ներկերով է նկարում, որ ոչ արևը, ոչ էլ խոնավությունը չկարողանան գույները խունացնել: Որքան էլ բարդ լինի, պատրաստ է 24 ժամ՝ առանց հանգստանալու նկարել: Հայաստանի ցանկացած մասում տղաներին անմահացնող ու նրանց սխրանքների մասին պատմող նկարներն Արմանն անում է անվարձահատույց: