Մինչև լեյկոզի հաղթահարումը 5 տարեկան Սարգսին պարբերաբար դոնորական արյուն է անհրաժեշտ: Քիմիաթերապիայի պատճառով հաճախ արյուն է կորցնում, բայց սեփական օրգանիզմն այս փուլում ի վիճակի չէ արյան նոր բջիջներ արտադրել:
Սարգիսը միակ փոքրիկը չէ, որ պարբերաբար դոնորական արյան կարիք է ունենում: Մեծահասակները նույնպես, հատկապես արյան և ուռուցքային հիվանդությունների դեպքում, նաև՝ վիրահատություններից, դժբախտ պատահարներից հետո: Հայաստանում դոնորական արյունը պետպատվերով տրամադրվում է միայն մի քանի ժառանգական հիվանդությունների դեպքում: Մնացած բոլոր դեպքերում կամ հիվանդի հարազատներն են դառնում դոնոր, կամ անհրաժեշտ արյունը գումարով է ձեռք բերվում:
Մարգարիտա Հակոբյան (Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն) - Բավականին շատ հիվանդներ ունենք տարբեր հիվանդանոցներում, որոնց մենք ապահովում ենք, դա մեր ամեն օրվա աշխատանքն է: Եվ աշխատում ենք բավարարել:
Մեր երկրում դոնորության մշակույթը, մեղմ ասած՝ զարգացած չէ: Մարդիկ պարտաճանաչ գնում են արյունատվության միայն արտակարգ դեպքերում:
Մարգարիտա Հակոբյան - Դա մեր ամենացավոտ հարցն է: Պատերազմի ժամանակ հազարավոր մարդիկ են, խաղաղ պայմաններում՝ 1-2, լավագույն դեպքում:
Միջազգային ստանդարտներով՝ արյան բանկը պետք է համալրված լինի այնքան արյունով, որ բավարարի բնակչության նվազագույնը 2 տոկոսին: Դա կոչվում է արյան անձեռնմխելի պաշար:
Անդրանիկ Շամիլյան (արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ) - Էս վերջերս մենք հայտարարություն գրեցինք, որ 1-ին բացասական արյան կարիք կա, միանգամից գրագրություններ եկան, թե ինչ է, պատրաստվում եք պատերազմի՞: Այսինքն՝ մեր ժողովուրդը չի գիտակցում, որ խաղաղ պայմաններում արյուն պետք է:
Հայաստանում կա շուրջ 7 հազար կադրային, այսինքն՝ մշտական դոնոր, բայց՝ վճարովի: Այս մարդիկ տարին մեկ-երկու կամ երեք անգամ արյուն են հանձնում՝ 15 հազար դրամի դիմաց: Անվճար տարբերակը միայն ըստ քաղաքացու ցանկության է: Փորձեցինք պարզել, թե օրական քանի՛ մարդ է առանց հատուկ առիթի, անվճար, պարզապես գնում արյան դոնորության: Դոնորությունը պարտադիր դարձնելու կամ ինչ-ինչ եղանակներով խրախուսելու օրենսդրական նախաձեռնությամբ ոլորտի պատասխանատուները երբևէ հանդես չեն եկել, բայց պատկերացնում են, թե նման դեպքում ի՛նչ մոդել կարող է աշխատել:
Սամվել Դանիելյան (Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն) - Արձակուրդի լրացուցիչ օրեր, հավելավճարներ, ինչ-որ բաներ պիտի մշակվեն, արվեն պետականորեն:
Խորհրդային տարիներին, օրինակ՝ դոնորին թույլատրվել է աշխատանքից բացակայել կամ շուտ գնալ: Ամբողջ աշխարհում արյան դոնորության մշակույթը զարգանում է, կա այս եղանակով կամ իրազեկման ակտիվ աշխատանքներով: Հայաստանում, օրինակ՝ կան մարդիկ, որ կարծում են, թե իրենց արյունից 300-400 գրամ ուրիշին տալով՝ վնասելու են իրենց առողջությունը, բայց ճիշտ հակառակն է:
Մարգարիտա Հակոբյան - Մանավանդ տղաներն ասում են՝ ավելի ուժեղ ենք դառնում, ավելի կենսուրախ ենք դառնում:
Արյան հին բջիջներին գալիս են փոխարինելու նորերը՝ ավելի թարմերը: Նույն ընթացքում ձեր հին արյունը փրկում է մեկ ուրիշի կյանք: Իսկ արյունաբանները հաճախ նաև այս արտահայտությունն են կրկնում. «Հիշե՛ք, որ ձեր արյունը կարող է հենց ձեր կյանքը փրկել»: