ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հանձնարարությամբ մարզի բնակավայրերում շարունակվում են այցելությունները Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներ՝ տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Այցելությունն իրականացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:
Հանդիպումների ընթացքում վարչության պետն առանձին-առանձին զրուցում է նրանց հետ, գրանցում բարձրացված խնդիրները, տեղում վեր հանում նրանց բուժման, հաշմանդամության կարգից օգտվելու հնարավորություններին վերաբերող և այլ բնույթի հարցեր:
Յուրաքանչյուր այցից հետո վիրավոր կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների վերաբերյալ հավաքված տվյալները ներկայացվում է մարզպետարան:
«Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողների խնդիրները շարունակում են մնալ մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Վիրավորված կամ հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց աջակցելու ամենաարդյունավետ ձևաչափը նման այցերն են: Այս հանդիպումների ընթացքում մենք հնարավորություն ենք ունենում անմիջական շփում ունենալ նրանց հետ, լսել իրենց բարձրացրած խնդիրները և փորձել, հնարավորության սահմաններում, աջակցություն ցուցաբերել:
Աշխատում ենք, որպեսզի նման կարգավիճակ ունեցող որևէ զինծառայող մարզպետի ուշադրությունից դուրս չմնա»,- ասել է մարզպետարանի ԱՍԱ վարչության պետը։