Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանը կից Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության (ԱՖԿԳ) տնօրեն Օլիվիե Բրոշեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայությամբ հունիսի 14-ին կատարել են Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքի հանդիսավոր բացումը:
ՀՀ կառավարության կողմից տրամադրված այս շենքը թույլ կտա կրթահամալիրին զարգանալ և հյուրընկալել ավելի շատ աշակերտների:
Կրթահամալիրն արդեն ԱՖԿԳ-ի աշխարհի 139 երկրներում 540 ֆրանսիական կրթական հաստատություն ներառող համաշխարհային ցանցի մաս է կազմում, իսկ սեպտեմբերի 1-ից, ԱՖԿԳ-ի հետ նոր համաձայնագրի շնորհիվ, կրթահամալիրը կօգտվի մարդկային և ֆինանսական ռեսուրսների նոր աջակցությունից և կսկսի իր զարգացման նոր փուլը:
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Հայաստանում միակ ֆրանսիական կրթահամալիրն է, որը հիմնադրվել է 2007 թվականին, նախատեսված է 2-18 տարեկան 260 աշակերտի համար (մանկապարտեզից ավագ դպրոցը ներառյալ):
Կրթության բոլոր մակարդակները լիցենզավորված և ճանաչված են Ֆրանսիայի կրթության նախարարության կողմից:
Կրթահամալիրն ունի նաև Հայաստանի կրթության նախարարության կողմից լիցենզավորված հայկական ավագ դպրոցի բաժին։