2021 թ. հունիսի 12-ին՝ ժամը 15.30-ին, Արտաշատի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ բազմաթիվ կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի՝ 1969 թ. ծնված բնակչուհի, ով հիվանդանոցում մահացել է, հաղորդում են Քննչական կոմիտեի տեղեկատվական բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մտել է Արտաշատ քաղաքի բնակչուհու տան խոհանոց և կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել նրան:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տան միջանցքում և խոհանոցում հայտնաբերվել են արնանման բազմաթիվ հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն քաղաքի բնակիչ է՝ 21 տարեկան: Վերջինս ձերբակալվել է՝ համաքաղաքացուն սպանելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: