«Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը քարոզարշավն սկսեց Այնթապից: Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրեց գյուղոլորտի կատարված ու սպասվող ծրագրերը:
Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին համար - Մինչև 3 հեկտար տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, 5 տարի ոռոգման ջրի վարձ չենք վերցնելու:
Մասիսում Նիկոլ Փաշինյանը խոսեց գործարարության համար ստեղծված պայմանների մասին: Հիշեցրեց Լոռիում կրպակի սեփականատիրոջ շնորհակալությունը, որ նախկինի նման հիմա որևէ մեկն իրենցից «փայ» չի ուզում: Գործարարն այսօր, ըստ Փաշինյանի, մեկ խնդիր ունի՝ վճարել հարկերն ու լինել անձեռնմխելի: Անվտանգության խնդիրը դիտարկեց այդ համատեքստում. այն սկսվում է ոչ թե սահմանին կանգնած զինվորից, այլ հենց ամենափոքր կրպակից: Անտանգությունը բյուջետային ծախս է, որքան մեծ է բյուջեն, այնքան մեծ է զինված ուժերում փոփոխությունների հնարավորությունը:
Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանը ռազմական ծախսերն ավելացրել է 3 անգամ շատ, իսկ Հայաստանում զորանոցների փոխարեն դղյակներ են կառուցվել:
2022-ից յուրաքանչյուր ծնված ամեն երրորդ և հաջորդ երեխայի համար ամսական 50 հազար դրամ կտրամադրվի, մինչև երեխայի չորս տարեկանը լրանալը:
Փաշինյանն անդրադարձավ Արմավիրում, Գեղարքունիքում ձերբակալություններին: Ընտրակաշառք ստացողները համագործակցել են իրավապահների հետ, ցուցմունք տվել, ազատվել քրեական պատասխանատվությունից:
Նիկոլ Փաշինյան - Այս երկու օրը բոլոր ընտրակաշառք տվողներին կլցնենք ծակերը, որպեսզի այնտեղ հանգստանան: Թավիշի ժամանակներն ավարտվում են:
Հաջորդ հանդիպումն Արարատում էր:
Նիկոլ Փաշինյան - Այս ընտրություններում Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանը տալու:
Փաշինյանը ներկայացրեց վերջին 3 տարվա տնտեսական ցուցանիշները, նշեց՝ պողպատե մանդատով Հայաստանը նորովի են կառուցելու:
Նիկոլ Փաշինյան - Կեղեքիչ էլիտայի ներկայացուցիչները ոտքի են ելել, նրանք ձեզնից են ուզում խլել իշխանությունը, զրկվել են լափամաններից: Համոզված եմ՝ հպարտ քաղաքացին անգամ պարտությունների միջով անցնելով չի կոտրվի, կգնա ընտրատեղամաս: Գնացեք, արձանագրեք՝ տերուտիրականն եք:
Ավշարում Փաշինյանը նշեց՝ ընտրակաշառատուների դեմ պայքարը շարունակվում է՝ հայտնեց Մալաթիա-Սեբաստիայում տեղի ունեցած ձերբակալության մասին:
Նիկոլ Փաշինյան - Որևէ մեկը թող չկասկածի, պողպատե չագուչով անձամբ զբաղվելու եմ բոլոր նրանցով, որոնք փորերը քսելով ասֆալտին փորձում են բռնանալ:
«Քաղաքացիական պայմանագիրը» մարզում ընտրարշավն ավարտեց Արտաշատում, անդրադարձավ վերադարձած 15 գերիներին, ականապատ տարածքների քարտեզներին:
Նիկոլ Փաշինյան - Խոսքն այն քարտեզների մասին է, որ գտնվում են ադրբեջանցիների թիկունքում: Գերիների վերադարձի գործընթացը վերսկսվել է: Համոզված եմ, որ բոլորին վերադարձնելու ենք:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 15-ին քարոզարշավը շարունակելու են Սյունքիում: Առաջարկեց միասին մեկնել Սյունիքի մարզ՝ ի ցույց դնելու Հայաստանի միասնությունը:
Քարոզչական օրը «Քաղաքացիական պայմանագիրը» քայլերթով եզրափակեց Երևանի վարչական շրջաններում: