«Անվտանգ ու ապահով հայրենիք» կարգախոսով է «Ազատական» կուսակցությունը մասնակցում խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Ընտրական ցուցակը գլխավորող Արցախի հերոս Սամվել Բաբայանը խոստանում է՝ իրենց ընտրվելու դեպքում առաջին քայլը, որ կանեն, Սահմանադրությունը փոխելն ու կիսանախագահական մոդելին անցնելն է:
Սամվել Բաբայան («Ազատական» կուսակցության ընտրական ցուցակի 1-ին համար) - Մենք առաջարկում ենք ոչ թե ասել պայքարում ենք, այլ հստակ օրենսդրությունը փոխել, պարզեցնել, հստակեցնել, որ անգամ, եթե քո հարազատն ա էդ հանցանքը կատարել, ցանկության դեպքում էլ չկարողանաս իրեն օգնել:
«Անվտանգությունն այլընտրանք չունի». Բաբայանը պրոֆեսիոնալ, հզոր բանակի ստեղծմամբ է պատկերացնում անվտանգային խնդիրների լուծումը: Կուսակցության առաջնորդի խոսքով՝ ծրագիրը կազմելիս բոլոր հարցերը քննարկել, վերլուծել ու անիրատեսական խոստումներ չեն տվել: Իր նպատակը ոչ թե վարչապետ դառնալն է, այլ ռազմական գերատեսչությունը ղեկավարելն ու հզորացնելը:
Սամվել Բաբայան - 18 տարեկան երեխան 1 տարի բանակում ուչեբկա ծառայի ու գնա իրենց տուն, ցանկության դեպքում, եթե իր կյանքը ցանկություն ունի բանակի հետ կապի, նա գալիս ա, պայմանագիր կնքում, 6 ամիս նորից պարապում, նոր միայն ծառայում պայմանագրային:
«Ազատականը» բարեփոխումներ է նախատեսում նաև սոցիալ-տնտեսական ոլորտներում: Սամվել Բաբայանը վստահ է՝ իրենք այն ուժն են, որ կարող են Հայաստանի տնտեսությունն ուշքի բերել: Շատ աշխատատեղեր ստեղծելու խոստումներ չեն տալիս, փոխարենը խոստանում են բիզնեսը հզորացնել ու մրցունակ դարձնել: Ինչ վերաբերում է գերիների հարցին, Բաբայանն իր տարբերակն է առաջարկում:
Սամվել Բաբայան - Մեր գերիների դիմաց պետք ա վերցնենք, փոխանակենք: Ուրիշ ոչ մի ձև, բայց առաջին հերթին, որ դու չվերցնես, հետո ինքը չվերցնի, առաջին գիծը փակել ա պետք՝ օպերատիվ, անցնել երկրորդ քայլին: Սա ա ձևը + ադրբեջանցու հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի՛ գցիր: Այ էդ փայտը գցել ենք, վիզներս ծռել, նայում ենք իրար: Պիտի կարողանանք հզոր բանակ ունենալ, մեր խնդիրներն ամբողջովին լուծելու ենք, դժվար չի:
Արցախի հարցը պետք է դիվանագիտությամբ լուծվի, ասում է Սամվել Բաբայանն ու նորից հիշեցնում՝ Շուշին և Հադրութը առանց պատերազմի հետ բերել չի լինի: