«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռուբեն Խլղաթյանին ընտրակաշառքի գործով մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը Արսեն Բաբայանը որակում է որպես քաղաքական ճնշում: Դաշինքում համոզված են՝ իրենց թիմակիցը, որ 2004-2018 թվականներին Արմավիրի քաղաքապետն էր, մարզում այնքան հեղինակություն ու համակիրներ ունի, որ կաշառք տալու անհրաժեշտություն չունի:
Արսեն Բաբայան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Պատիվ ունեմ» դաշինք) - Սա նպատակ էր հետապնդում, այնքան ձայներ ունի, մեկուսացնել, որ չունենանք հաղթանակ, բայց դա չի խանգարելու:
Դաշինքի ցուցակի 16-րդ համարը ձերբակալվել էր դեռ 4 օր առաջ: Իրավապահներին հայտնի էր դարձել, որ հունիսի 10-ին նախկին քաղաքապետը պատրաստվում է Ջանֆիդա գյուղի բնակիչներից մեկին փոխանցել 9 միլիոն դրամ, ինչը, ըստ հաղորդագրության, ծառայելու էր առնվազն 147 ընտրողի կաշառք տալու և հունիսի 20-ին արտահերթ ընտրություններին դաշինքի օգտին քվեներ ապահովելու նպատակով: Պատգամավորի թեկնածուն ու Ջանֆիդայի բնակիչը ձերբակալվել են հենց ընտրակաշառքի գումարը փոխանցելու պահին, ու, իրավապահների փոխանցմամբ, ոստիկաններին տեսնելուն պես նրանք տան բակ են նետել իրենց ձեռքի պոլիէթիլենային տոպրակով գումարը:
Բաբայանն ասում է, եթե որևէ մեկի կողքին գումար են հայտնաբերում, դա դեռ չի նշանակում, որ այն պատկանում է այդ անձին: Հորդորում է՝ սպասել բուն քննությանը, այդ ժամանակ, նրա գնահատմամբ՝ քարուքանդ կլինեն գործի հիմքում դրված նյութերը, ու կպարզվի, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Արմավիրի նախկին քաղաքապետի կալանավորումն ու, ըստ Բաբայանի՝ դաշինքի նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումները կապ ունեն իրենց՝ օր օրի աճող վարկանիշի հետ, ինչը դուր չի գալիս գործող իշխանությանը:
Արսեն Բաբայան - Բոլոր տեղերով հանդիպելով քաղաքացիների հետ՝ համոզվում ենք, որ այս իշխանությանը հեռացնելն անհրաժեշտություն է և չի կարող վերարտադրվել:
Գործող իշխանությանը հեռացնելու համար «Պատիվ ունեմ»-ը պատրաստ է տրամաբանված ցանկացած գործողության՝ հայտարարեց Բաբայանը, շեշտեց՝ ընտրություններից հետո՝ խորհրդարան անցնելու դեպքում, իրատեսական են համարում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիան: