Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատների հետ հանդիպման պահանջը շիրակցիներինն էր՝ լրագրողների հետ հանդիպան սկզբում հայտարարեց Արամ Սարգսյանը։ Նրանք զրուցել են իրավապաշտպան, կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ, սակայն Զեյնալյանը մանրամասներ հաղորդել հրաժարվեց:
Արտակ Զեյնալյան, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու («Հանրապետություն» կուսակցություն) - Ձեռնպահ կմնամ գերիների թեմայից խոսելուց, քանի որ չեմ ուզում որևէ ձևով ստվերվի կամ քաղաքականացվի այս հարցը:
Փոխարենը ասաց՝ երկրում կա ներքաղաքական ճգնաժամ, հաղթահարելու լավագույն ելքն ընտրություններն են։
«Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակի առաջատար Արամ Սարգսյանը, անդրադառնալով գերեվարված քաղաքացիների հարցին, ասաց՝ շիրակցի գերիների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք վաղ թե ուշ վերադառնալու են: Որքան ուշ վերադառնան, այնքան Ադրբեջանը ստիպված է լինելու ավելի շատ վճարել հարազատներին։ Պարզապես պետք է ճիշտ և բալանսավորված արտաքին քաղաքականություն վարել։
Երբ կմտնեք տեղամաս և կվերցնեք քվեաթերթիկը, հիշեք այն ուժին, որը խոստանում է բալանսավորված արտաքին քաղաքականություն՝ ասում է Արամ Սարգսյանը: Մենք էլ պարտավոր ենք ուժեղանալու կարճ ժամանակում՝ շարունակեց Արամ Սարգսյանը, իրենք գիտեն ճանապարհը:
Իրենք լուծումներ են առաջարկում, և նրանց խորհրդարանում հայտնվելը ցանկալի կլինի ցանկացած իշխանության համար՝ ասում է կուսակցության ղեկավարը:
Արամ Սարգսյանն անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, թե «Հանրապետությունն» իշխանությունների համար ցանկալի ընդդիմություն է, և հաճախակի կարելի է իրենց գովազդային վահանակները տեսնել ՔՊ-ի վահանակների կողքին:
Արդյոք հետընտրական շրջանում ներքաղաքական վիճակի լարվածություն կլինի՞։ Արամ Սարգսյանի կանխատեսմամբ՝ ոչ։ Քաղաքացիական բախումներ չեն լինի, եթե լինեին, կլինեին նոյեմբերի 9-ից հետո։ Ամենաշատը հրապարակում կհավաքվեն 17+ ուժերի համակիրները մի քանի օր, հետո տուն կգնան։