«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը Աջափնյակ համայնքում էր: Քարոզարշավն սկսեցին Գևորգ Չաուշի արձանի մոտից ու բուկլետներ բաժանելով՝ քայլեցին թաղամասի փողոցներով:
Նորաստեղծ կուսակցության քարոզարշավը հիմնականում այսպես անաղմուկ, առանց բարձրախոսների է անցնում: Ցուցակը գլխավորող Դավիթ Սանասարյանը կարծում է՝ հետպատերազմյան այս շրջանում մարդիկ հոգնել են աղմուկից, իրենք էլ փորձում են անմիջական զրույցների միջոցով ներկայացնել ծրագրային հիմնական կետերը, երկրի համար ցավոտ հարցերի լուծման իրենց բանաձևը:
Շրջայցի ընթացքում քաղաքացիները հիմնականում ճանաչում էին հեղափոխության ակունքներում կանգնած Դավիթ Սանասարյանին: Բակերից մեկում կանայք նրան հրավիրեցին իրենց կողքին նստելու ու հարցուփորձ արեցին՝ ում կողմնակիցն է:
«Ինքնիշխան Հայաստանի» վարչապետի թեկնածուն քաղաքացիներին վստահեցրեց՝ երկրի խնդիրներից քաջատեղյակ են, լավ մասնագետներից կազմված թիմ ունեն:
Նախկինում իշխանության եղած բոլոր ուժերի, նաև գործող՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ կոալիցիա կազմելու հավանականությունը Սանասարյանը բացառում է, ասում՝ անցնող օրերի ընթացքում մարզային հանդիպումները ցույց տվեցին՝ իրենք ունեն վստահության քվե:
Սանասարյանի խոսքով՝ իրենք այլընտրանք են նախկինում պետության դեմ հանցագործություն իրականացրած ուժերին, այլընտրանք են նաև ներկա թույլ կառավարությունը: ՊՎԾ նախկին պետի գնահատմամբ՝ հիասթափված մարդկանց մեծ մասը հեղափոխության մասնակիցներն են, ու, ի տարբերություն գործող իշխանության, «Ինքնիշխան Հայաստանը» կարող է իրականացնել դեռ 3 տարի առաջ ժողովրդին տված, բայց չկատարված հեղափոխական խոստումները: