Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պետք է սառեցվի: «Ազգային օրակարգ» կուսակցության գործադիր քարտուղարի համոզումն է: Արա Գասպարյանի խոսքով՝ ստորագրված փաստաթուղթն անպատվություն է, ու դրանից պետք է ազատվել հնարավորին կարճ ժամկետում:
Արա Գասպարյան, ԱԺ պատգամավորի թեկնածու («Ազգային օրակարգ» կուսակցություն) - Որպեսզի խուսափենք պատերազմից մոտակա ժամանակահատվածում, պետք է առաջին հերթին ցուցաբերենք քաղաքական կամք և սկսենք աշխատել մեր երկրի պաշտպանունակության վրա:
19-րդ քվեաթերթիկի ներքո հանդես եկող քաղաքական ուժի համոզմամբ՝ անվտանգության խնդիրներն առաջնային են ու դրանց լուծումից հետո միայն հնարավոր կլինի մտածել տնտեսության, գիտության ու մյուս ոլորտների մասին: Ընտրվելու դեպքում Հայաստանի համար պատրաստվում են ստեղծել անվտանգային նոր միջավայր, որը պետք է հարմարեցնեն ստեղծված պայմաններին: Կուսակցության անդամներն այս գործընթացն սկսելու են Զինված ուժերում փոփոխություններ կատարելով:
Արա Գասպարյան - Նոր զինատեսակներ, հակաօդային պաշտպանության համակարգերն է պետք արդիականացնել, հատուկ նշանակության ուժերի թիվը, թշնամու տարածքում հեռահար խոցումներ անելու հնարավորություններն է պետք ավելացնել: Սրանք աշխատանքներ են, որոնք վերաբերում են բանակի արդիականացմանը:
44-օրյա պատերազմը, ըստ Արա Գասպարյանի, ցույց տվեց, որ պետությունը պահեստազորի համալրման գործընթացն ամբողջությամբ տապալել է:
Արա Գասպարյան - Պահեստազորի պատրաստության նոր մեթոդներ, դրանց ինտենսիվությունն ավելացնել, դրանց մակարդակը փոփոխել, հստակ գիտակցել՝ ինչ մասնագիտական հատվածներից է բաղկացած մեր պահեստազորը:
«Ազգային օրակարգ» կուսակցությունը վստահ է՝ Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ պետք է առաջնորդվի միայն սեփական շահերով՝ վարելով հայակենտրոն քաղաքականություն ու պահելով ինքնիշխանությունը:
Արա Գասպարյան - Իհարկե, նաև այդ շահերը համադրելով տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների հետ, համագործակցելով, փոխգործակցելով, երբեմն կոնֆլիկտների մեջ մտնելով:
Արա Գասպարյանի խոսքով՝ ապաշրջափակման գործընթացը Հայաստանին որևէ դրական բան չի տալու. Դրանից պետք է խուսափել:
Արա Գասպարյան - Մեր հայրենակիցներին համոզում են, որ էժան բենզին են ունենալու կամ էժան ինչ-որ ծառայություններից կամ ապրանքներից են օգտվելու: Սա սուտ է:
Նախկին իշխանություններին մերժողների ու ներկա կառավարությունից դժգոհ քաղաքացիների համար «Ազգային օրակարգն» առաջարկում է այլընտրանք՝ հիմքում ազգային պետականության ստեղծումն է: