Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը մասնավորապես Հայաստան ստվերվեց նախընտրական քարոզարշավի աղմուկով, սակայն պետք է հասկանալ, որ այցը բնավ պատահական չէր՝ հատկապես ժամանակի ընտրության հարցում։ Հայաստանյան ընտրությունները երկրորդական չեն և դա ամերիկացի պաշտոնյան ընդգծեց թե վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի, թե արդարադատության նախարարի հետ հանդիպումների ընթացքում։ Վաշինգտոնն ակնկալում է, որ Հայաստանը կկարողանա պահպանել նախորդ խորհրդարանական ընտրություններում հաստատված բարձր նշաձողը և երկրում մեկնարկած ժողովրդավարական բարեփոխումները ոչ մի պարագայում հարվածի տակ չեն դրվի։
Այսուհանդերձ, հարկ է նկատել, որ գոնե Բաքու և Երևան՝ Ռիքերի այցերի առանցքում, հատուկ ընդգծված էր արցախյան ուղղությունը՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ պետքարտուղարության պաշտոնյային ուղեկցում էր ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Սա, ըստ էության, ազդակ էր կողմերին, մասնավորապես՝ Բաքվին, որ հակամարտության կարգավորում տեղի չի ունեցել և անհրաժեշտ է պատրաստվել Մինկի խմբի ձևաչափում բանակցությունների մոտալուտ վերսկսմանը։ Ասենք՝ սա եղել և մնում է հայկական կողմի առանցքային պնդումներից մեկը։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի շրջանակում, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:
Այս առումով հարկ է նաև ընդգծել, որ ևս երկու հարցում Երևանի և Վաշիգտոնի տեսակետները համընկնում են՝ գերեվարված բոլոր անձինք պիտի անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվեն, իսկ ադրբեջանական զորամիավորումները պիտի հեռանան Հայաստանի տարածքից՝ վերատեղակայվելով մայիսի 11-ի ելման դիրքեր։
Անհնար է չնկատել նաև, որ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային այցը տեղի ունեցավ հենց այն ժամանակահատվածում, երբ ոչ միայն հարավկովկասյան, այլ նաև մերձավորարևելյան տարածաշրջանները կանգնած են խորքային փոփոխությունների շեմին։ Իրանը, այդ գործում ունենալով Չինաստանի տնտեսական և քաղաքական օժանդակությունը, մեծացնում է իր ազդեցությունն ու սկիզբ է դրել Հարավ-Հյուսիս տրանսպորտային միջանցքի նախաձեռնությանը։ Արևմուտքը՝ ի դեմ Միացյալ Նահանգների, ըստ երևույթին այս անգամ որոշել է ոչ թե ընդդիմանալ, այլ գործակցել և, թերևս, հենց այդ հանգամանքով է պայմանավորված փաստը, որ Իրանի վրայից օրերս հանվեցին պատժամիջոցների 2/3-ը։ Ընդ որում՝ հատկանշական է, որ միջանցքի ձևավորման հարցում առանցքային դերակատարում է նախանշված Հայաստանի և Վրաստանի համար՝ այն դեպքում, որ Բաքուն շտապում է տապալել ծրագրի գոնե այն հատվածը, որը վերաբերում է Հայաստանին։ Եվ այդ իմաստով բնավ պատահական չի կարելի համարել նախ Իրանի արտգործնախարարի տարածաշրջանային այցը, որից հետո, ի դեպ, ադրբեջանական կողմը անմիջապես դադարեցրեց Սյունիքի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու բոլոր փորձերը, իսկ հիմա նաև ամերիկյան պաշտոնյայի՝ բազմանշանակ ուղերձներով լի այցելությունը, որն, ի դեպ, նույնպես ոչ պատահականորեն, նախորդեց է ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին ու դրան զուգահեռ՝ այդ թվում նաև արցախյան խնդրի արծարծմանը։