Դատարանը բավարարել է Արմավիրի նախկին քաղաքապետ, 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ․ Խ․-ի և Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պ․-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, նրանք կալանավորվել են, տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետի՝ նույն դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ի կողմից, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին 9.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում 2021թ. հունիսի 10-ին, ժամը 16։30-ին, Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պ.-ի տանը վերոնշյալ երկու անձինք բռնվել էին 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Ընդ որում՝ ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ դեպի տան բակ էին նետել իրենց ձեռքին գտնվող՝ պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որ հայտնաբերվել և վերցվել էր դեպքի վայրի զննությամբ։
Երեկ նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, օրենքով սահմանված կարգով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդություններ էր ներկայացրել ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության ցուցակում ընգրկված Ռ․ Խ-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու նպատակով, որոնք ԿԸՀ-ն բավարարել էր։
Ռ․Խ-ին և Գ․Պ-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ խմբի կազմում նախնական համաձայնությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի երկու կամ ավելի անձանց շրջանում ընտրակաշառք բաժանելու նպատակով 9մլն ՀՀ դրամ փոխանցելու համար։