Բացառիկ որոշում՝ Հայաստանի անկախության շրջանի ամբողջ պատմության մեջ: «Դոլմամայի» և հարակից գտնվող շենքերի սեփականատերերի 13-ամյա պայքարն ավարտված է: Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սախարովի անվան հրապարակ ձգվող այս հուշարձան-կառույցներն այլևս քանդվելու վտանգի տակ չեն: Կառավարության որոշմամբ՝ հանվել են գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից:
«Դոլմամայի» սեփականատիրոջ խոսքով՝ արդեն համակերպվել էին այն մտքի հետ, որ մի օր պարտադրված են լինելու լքել այն տարածքը, որ ստեղծել էին ամբողջ կյանքի ընթացքում:
Հանրային բացառիկ գերակա շահ ճանաչված այս տարածքներում գրեթե 10 տարի անց ոչ մի կառուցապատում չի իրականացվել: Նպատակի իրագործում փաստացի տեղի չի ունեցել: Այս հիմնավորմամբ է նաև գործող կառավարությունը փոխել նախորդ կառավարությունների որոշումները: Այս տարածքում, ըստ բնակիչների, եղել է առաջին գինու հնձանը: Մեկ այլ՝ Աբովյան 10 հասցեում, 71 տարի գործել է Երկրաբանության թանգարանը։ Գրանցված է եղել պատմամշակութային արժեքների ցանկում: Այնուհետև գրիչի մեկ հարվածով հանվել է և սեփականաշնորհվել:
Կառավարությունը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ չնայած նշված տարածքները ձեռք բերող ընկերությունն արդեն իսկ դրանց մի մասի սեփականատերն է, միևնույն ժամանակ նշված մի շարք հասցեների նկատմամբ սեփականության իրավունք դեռևս ձեռք չի բերել, այդ հասցեներում գտնվող գույքերը համարվել են պատմամշակութային հուշարձաններ, ու անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել նշված տարածքում հանրության շահի հնարավոր առկայության հարցը։ Ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ կարծիք կհայտնեն կառավարության որոշմանը ծանոթանալուց հետո։
Կառավարության այս որոշմամբ փրկվեց Հին Երևանի կանգուն վկաներից մի որոշ մասը: Սակայն գործընթացն այսքանով չի ավարտվել, սեփականության վերաբերյալ գործերը դեռևս դատարանում են: