Արցախյան պատերազմից կես տարի անց՝ մայիսի 12-ին, թե' Սյունիքում, թե' Գեղարքունիքում թշնամին խախտել է հայ-ադրբեջանական սահմանը: Վերին Շորժայի հատվածում ադրբեջանական ստորաբաժանումներն առաջացել են մինչև 1.5 կիլոմետր: Համացանցում տեսանյութեր հայտնվեցին, թե որտեղ և ինչ պայմաններում են քնում, մարտական հերթապահություն իրականացնում մեր զինվորները: ՊՆ-ն հավաստիացնում է՝ պաշտպանական բնագծում կահավորման, նոր ճանապարհների, կրակային դիտակետերի, խրամատների ու կացարանների կառուցման աշխատանքներ են իրականացվում:
Հայկ Պետրոսյան (2-րդ ԲԿ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ) - Մեր առջև խնդիր ենք դրել մինչև աշուն, մենք արդեն ավարտած լինենք մինիմալ պայմաններն ապահովված լինենք, նկատի ունեմ ճանապարհային ցանցը, որ զորքի կենսագործունեությունը կապահովվի, ու կհասցնենք:
Իշխան Դավթյան (ժամկետային զինծառայող) - Թշնամու դիրքը 20 մետր է մեզնից հեռու, տեղ կա, կարող է 15 լինի, տեղ կա՝ բարձունքը իրենք լինեն, մի քիչ ներքև մենք, բայց դե, դրանով չի սահմանափակվում: Սաղ առջևում է:
Թշնամին էլ առաջացած հատվածում`սարերից իջել, փորձում է կահավորել առաջնագիծը, տեղ-տեղ խրամատ փորել: Ժամանակ առ ժամանակ, ինչպես Սյունիքի, այնպես էլ Վարդենիսի հատվածում միջադեպեր են լինում, գնդապետ Հայկ Պետրոսյանի խոսքով՝ հայկական կողմը մինչև հիմա զսպել է նման դեպքերը՝ թույլ չտալով նրանց տեխնիկայի աշխատանքը: Պատերազմից առաջ Քարվաճառի, հիմա արդեն Վարդենիսի առաջնագիծը պահող ժամկետային Ղազարյանը լավատես է:
Հրաչ Ղազարյան (ժամկետային զինծառայող) - Լավ կլինի, ավելի լավ կանենք՝ լավ կառուցենք խրամատները, որ նմանվի մեր հին պոստերին, որ ամուր կանգնած լինենք:
Առաջնագծում ամուր կանգնելու համար զինվորին նաև կենցաղային նորմալ պայմաններ են պետք: Պաշտպանության գոտու այս հատվածում հայտնի բլինդաժներին ջերմամեկուսիչ վագոն-տնակներն են փոխարինել: Թիկունքի գծով տեղակալի խոսքով՝ նոր կացարանները տարվա բոլոր եղանակների համար են, ունեն մաքսիմալ հնարավորություններ:
Շիրազ Խաչատրյան (2-րդ ԲԿ հրամանատարի ԹԳՏ գծով տեղակալ, գնդապետ) - Առաջնագծի բոլոր տեղերն ապահովված են կռավատներով, եթե կռավատ չկա, պարտադիր պետք է լինի լեժանկա, որտեղ գցված ՝ սպունգից մատրասը, ինքը քնում է իր քնապարկի մեջ: Սա լիարժեք իրենց հերիքում է: Իրենք էդ ժամանակ կանգնում են նաև հերթափոխներով, իրենց ծառայությունն են տանում:
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքը պատերազմից հետո է սահմանամերձ դարձել: Ունի 170 բնակիչ: Անասնապահությամբ զբաղվող գյուղի արոտավայրերի մի մասը թշնամու նշանառության տակ են հայտնվել: Հունիսի 5-ին թշնամին անասնապահի ուղղությամբ է կրակել, ձի սպանել, 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուն էլ խրտնել ու փախել է՝ հայտնվելով թշնամու կողմում:
Սիմա Չիտչյան (Կութի համայնքապետ) - 89-ի հունվարին որ Ադրբեջանից բռնագաղթել ենք, այստեղ էդ տարածքները եղել են Հայաստանինը՝ մերը, մինչև այ, հենա, երևում է՝ էն երեք քարը որ կա՝ մեր անասունները, մեր խոտհարքերը մենք ենք օգտագործել, վարձակալությամբ տրված է բնակչությանը: Իրենք եկել են, նստել, դե մենք էլ հույսով ենք, սպասում ենք, որ դրանք հետ են գալու: Այո, մերն են եղել:
Հայկ Պետրոսյան - Խնդրում եմ բանակը զերծ պահել քաղաքական շահարկումներից, քարոզարշավներից, չշահարկել բանակը:
Սահմանին իրավիճակն անփոփոխ է, բայց գնդապետ Պետրոսյանը չի բացառում, որ ընտրությունների շեմին թշնամին կփորձի առաջնագծում սադրանքների դիմել, պատրաստ են հակագրոհի:
Պատերազմից հետո Հայաստանի արևելյան սահմանը երկարել է մոտ 100 կիլոմետրով: