Գավառում՝ քաղաքացիների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ մեր 15 գերեվարված գերիները արդեն հատել են ՀՀ սահմանը և գտնվում են ՀՀ-ում:
Փաշինյանը մանրամասներ հայտնեց 15 հայ գերիների հայրենիք վերադարձի վերաբերյալ:
Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ երկու օր առաջ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ, որը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանձնարարությամբ ինքն առաքելություն ունի՝ «ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում», և եթե հայկական կողմը պատրաստ է նման համագործակցության, իրենք պատրաստ ենք ներգրավվել գործին:
«Եվ ահա, այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, մեր վրաց եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել՝ ԵՄ մեր գործընկերներն էլ նախորդ օրերին ջանքեր են գործադրել, որ մեր 15 գերեվարված եղբայրները վերադառնում են Հայաստան: Նրանք Կարմիր կամրջով Ադրբեջանից մտել են Վրաստան և հետո Բագրատաշենով մտել ՀՀ»,- հայտնեց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ նրանք կտեղափոխվեն բուժզննության, իսկ հարազատներին այնուհետ հնարավորություն կընձեռվի տեսնել նրանց:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որի՝ հայկական կողմը ականապատված դաշտերի քարտեզներ է փոխանցել Ադրբեջանին, Փաշինյանը ասաց՝ «լուրը համապատասխանում է իրականությանը»:
«Դա ճիշտ է, բայց ուզում եմ ասել՝ ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլին քայլով ենք պատասխանել: Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ խոսքը այն ականների մասին է, որոնք գտնվում են Ադրբեջանի ԶՈՒ թիկունքում, այսինքն՝ դրանք չեն բաժանում մեզ այլևս ձեզ հայտնի հանգամանքների բերումով և գտնվում են նրանց թիկունքում:
Ես ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերիների վերադարձին զուգընթաց մենք պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին, որպեսզի գերիների փոխանակման, մարմինների փնտրտուքի հարցում որոշակի կառուցողական մթնոլորտ ստեղծենք, բայց ժամանակի ընթացքում մեզ համար անհասկանալի ձևով Ադրբեջանի ղեկավարությունը դադարեցրեց մեր գերիների վերադարձը և դիմեց միջազգային ատյաններին, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզներ տրամադրել:
Մենք երբեք չենք հրաժարվել դրանից՝ ասում եմ պաշտոնապես: Ադրբեջանն է, որ դադարեցրել է գերիների վերադարձի գործընթացը: Էլի ուզում եմ ասել՝ սա ամենևին մենք չենք ընկալում, որ քարտեզները փոխանակում ենք գերիների հետ: Մենք ընկալում ենք, որ մենք քայլին պատասխանում ենք քայլով, և մենք էլի պատրաստ ենք այս գործընթացը շարունակել: Մենք խնդիր ենք դրել առաջնահերթ, որ լիարժեք ավարտին հասցնենք մեր գերիների վերադարձի գործընթացը»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը: