Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ուղերձում ասվում է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Ռուսաստանի Դաշնության նորագույն պատմության մեջ այս նշանակալի օրն անքակտելիորեն կապված է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում տպավորիչ նվաճումների, խորը վերափոխումների և միջազգային ասպարեզում նրա դերի ու հեղինակության բարձրացման հետ:
Գոհունակությամբ եմ նշում, որ հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բարեկամական բնույթը մշտապես արտացոլվում է ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում:
Համոզված եմ, որ ապագային միտված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, կշարունակեն կանխորոշել Երևանի և Մոսկվայի համատեղ քայլերը՝ ի նպաստ մեր պետությունների զարգացման և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդման:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։