Ես լավ լուր ունեմ: Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, բայց ես ավելի մանրամասն հայտարարություն այս պահին չեմ անի: Նրանք ճանապարհին են: Երբ կլինեն ՀՀ տարածքում, միայն դրանից հետո ավելի մանրամասն հայտարարություն կանեմ:
Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզում՝ Կարմիր գյուղում, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Ես հույս ունեմ, որ արդեն Գավառում՝ մեր հավաքի ժամանակ, կկարողանամ ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, բայց այս պահին հետևյալն է՝ մեր 15 եղբայրները մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են, և այս պահի խնդիրը հետևյալն է՝ իրենց ընդունենք, իրենց հասցնենք իրենց տները և անմիջապես զբաղվենք նաև մյուսների վերադարձի հարցերով:
Ես հույս ունեմ, որ ոչ մեկս չի կասկածում, որ մեր բոլոր եղբայրներին վերադարձնելու ենք. դա ժամանակի խնդիր է, և մեզ պետք է համբերություն:
Ես ուզում եմ ներողություն խնդրել այն ընտանիքներից, ում զավակներն այսօր չեն վերադառնում: Հիմա սա ամենադժվար պահն է, երբ մենք, ցավոք, չենք կարողանում բոլորին միանգամից վերադարձնել: Իհարկե, այսօր 15 ընտանիք իրեն երջանիկ կզգա, բայց մյուսների համար գուցե այդ սպասման բեռը, այդ դառնությունը ավելի ծանրանա: Բայց սա է ճանապարհը, մենք պետք է գնանք, խումբ-խումբ մեր եղբայրներին վերադարձնենք: Մենք ամեն ինչ անում ենք այդ նպատակն իրագործելու համար»,- ասաց Փաշինյանը: