Գեղարքունիքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին կանգառը Սևանում էր: Քաղաքացիների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսեց վերջին երեք տարվա ընթացքում ամենամեծ խնդրի մասին՝ հանգամանքների բերումով չեն կարողացել կեղեքող էլիտայից ազատվել:
Նիկոլ Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար - Այս ընտրություններում մեզանից պահանջվում է ոչ թե պարզապես հաղթել, այլ իրականացնել մի նոր հեղափոխություն, որը մենք անվանում ենք ոչ բռնի, բայց պողպատյա, ժողովրդական հեղափոխություն:
Ինչպես է, իր բնորոշած, «կեղեքող էլիտան» պահպանել երկարաժամկետ իշխանությունը: Հարցը տվեց ու նաև պատասախանեց՝ ժողովրդին զրկել է պատշաճ կրթությունից:
Նիկոլ Փաշինյան - Դրա արդյուները մենք տեսանք 2019-ին իրականացված հետազոտության արդյունքում, երբ պարզվեց, որ երկրում 10 տարեկան երեխաների 30 տոկոսն անգրագետ է: Նման միջոցով նրանք հպատակներ են պատրաստում իրենց համար, և այս էլիտան, այո՛, պետք է պատժվի, և այս էլիտան պետք է պատժվի ժողովրդին ստրկացնելու համար:
էլիտար դրսևորումների թեման շարունակելով՝ Փաշինյանն ասաց՝ նախկինում արմատացած այդ վերաբերմունքը նույնիսկ երևում է ասֆալտապատման ծրագրերից: Կառուցել են այն ճանապարհները, որոնք տարել են դեպի զվարճանքի վայրեր: Մինչդեռ իրենք, Փաշինյանի խոսքով, ասֆալտապատում են մոռացված գյուղեր տանող ճանապարհները;
Նիկոլ Փաշինյան - Նրանք այսօր պատերազմում մեր անհաջողությունը փորձում են օգտագործել ժողովրդին վերաստրկացնելու համար, բայց ժողովուրդը տեսնում է, որ պատերազմում մեր անհաջողությունն ընդամենը հետևանք է երկար տարիներ ժողովրդին և երկիրը կեղեքելու, մենք եկել ենք 2019 թվականին և մի տարվա ընթացքում Հայաստանի պետական բյուջեն ավելացրել ենք մեկ մլրդ դոլարով:
Փաշինյանի համոզմամբ՝ վերջին տարիներին հոգևոր էլիտայի ղեկավար կազմն ամեն ինչ արել է կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար: Այդ նույն էլիտան նաև մեղադրում է, թե կառավարությունը վարկաբեկում է հայ առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները:
Նիկոլ Փաշինյան - Ոչ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները:
Ծովագյուղում Փաշինյանը խոսեց Սևանում ձկնորսությունը ճիշտ կազմակերպելու մասին: Լիճը, ձուկը բոլորինն է, և միասին պետք է հոգ տանեն պաշարների վերականգնման համար: Առաջարկեց օգտվել գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից: Փաշինյանը նաև հարկերն ու տուրքերը վճարելու անհրաժեշտությանն անդրադարձավ:
Նիկոլ Փաշինյան - Այդ հարկերն ու տուրքերը գնում և դառնում են ճանապարհ, դառնում են դպրոց, մանկապարտեզ, դառնալու են Սևանի ձկան պաշարների վերականգնում:
Ճամբարակում Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտեց՝ իր համար մեծ պատիվ է, որ սեփական քրտինքով վաստակող քաղաքացին կանգնած է իրենց կողքին: Այնինչ, որոշ ուժեր, ծաղրում են նրանց:
Նիկոլ Փաշինյան - Նրանք, հազար ներողություն, ձեզ, մեզ ասում էին ժեխ, մենք պիտի գնանք ընտրական տեղամասերում, ընտրությունների արդյունքներում ցույց տանք, թե ով է ժեխը, բոլոր ժեխերին պետք է ցույց տանք իրենց տեղը Հայաստանում: Եվ նրանք բոլորը, որոնք ժողովրդի կամքի վրա ընտրակաշառքով ապօրինի ազդեցություն են ունենալու, հայտնվելու են ճաղերի ետևում:
Չնախատեսված կանգառ՝ Շողակաթում, Նորակերտում, ապա, ըստ ծրագրի, Մեծ Մասրիկ, ապա Վարդենիս: Բոլոր համայնքներում վարչապետի թեկնածուն ընդգծեց՝ կարևորը սահմանների ամրությունն է: Փաշինյանը շեշտեց՝ կան լուրջ նախադրյալներ՝ սահմանային իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու համար, բոլոր միջազգային գործընկերները պաշտպանում են դիրքորոշումը. ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի տարածքից:
Նիկոլ Փաշինյան - Ամենօրյա կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, նրանց ներկայացուցիչները եկել և տեղում Սոթքից Խոզնավար հատվածում նայել են տարածքները, այն հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել: Հիմա քննարկվում են նրանց տեղակայման կետերը հստակեցնելու համար:
Մարտունիում Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ի ընտրությունների մասին խոսելիս ընդգծեց՝ կարևորը ոչ թե ով է լինելու կառավարություն, այլ ով է լինելու իշխանություն:
Նիկոլ Փաշինյան - Հարցն այն չէ, թե մենք իշխանություն կլինենք, թե ոչ: Հարցն այն է, թե դուք կլինեք իշխանության, թե ոչ, և մենք այսքան ժամանակ, այս դաժան միջավայրում, այս դաժան փորձությունների միջով անցնել ենք և իշխանությունը պահպանել ենք ոչ թե մեզ համար, այլ ձեզ համար: Հայաստանում ապագա կա, կա ապագա:
12 նախատեսված, մոտ այդքան էլ չնախատեսված կանգառներից հետո ՔՊ-ն Գեղարքունիք այցն ամփոփեց մարզկենտրոն Գավառում: